Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/65

Այս էջը հաստատված է

չափ հանցանք եմ գործել, ո՞րն է այդ հանցանքը… Թող լռեմ հանցավորների մասին, որոնց պատիժն անգամ իմ տանջանքս չի մեղմացնում։

Մտերիմ ընկեր, քո բոլոր խորհուրդներդ անզոր են վերականգնել իմ անկումը, ուշ է արդեն… Ես մի լավ բան եմ մտածել, զզվեցնել, բոլորովին զզվեցնել նրան, որի ժպիտն և ամենափոքր հաճույքը երբեմն կյանքով կգնեի։ Երբ արդեն ճակատագիրը կամ մի ուրիշ չար ոգի… փակել է իմ առջև ընտանեկան կյանքի երջանկության դռները, երբ արդեն թունավորված է իմ ընտանեկան կյանքի խաղաղությունը, երբ անհուսալի կորցրել եմ ամեն բան, ամեն մի հույս և մխիթարանք, ես որոշել եմ ասել իմ թշվառ և արհամարհելի կյանքի ընկերին. «Թող ինձ հասանելիք տառապանքները ի՛նձ տանջեն, հոգիս, դու հեռացիր նրանց հարվածներից, երջանիկ ապրիր…»։ Դու անշուշտ բացականչելու ես. «Կյանքի ընկերը տառապանքներից էլ բաժին ունի», բայց կսխալվես, այդ ուրիշ երկրում որոնիր։ Այո՛, ես որոշել եմ ասել, բայց ոչ բառերով, այլ գործով, որքան էլ ծանր լիներ ինձ համար, զզվեցնել նրան, որ եթե մի օր բախտը անջատեր մեզ միմյանցից, ոչ մի քաղցր հիշատակ չցավացներ նրա սիրտը։ Ես շշկլված հուսահատ և զայրագնած այսպես եմ որոշել, իմ անձս զոհել նրա երջանկության համար, որի թշվառության անմեղ պատճառն եմ դարձել։ Դու հավանո՞ւմ ես արդյոք։ Թե չես հավանում, դո՛ւ ասա՝ ինչ անեմ, դո՛ւ որոշիր իմ կարեկցության արժանի զոհաբերության եղանակը, դու բացառիկ իրավունք ունես իմ անձիս վերաբերությամբ։

Իմ որոշումս մարմնացնելուն շատ է օգնում իմ նոր բնավորությունս, այժմ ես սարսափելի դյուրագրգիռ և բարկացկոտ եմ դարձել։ Ամեն մի չնչին դեպք ինձ զայրացնում է, ճանճը թռչելիս՝ ես ուզում եմ նրան սպանեմ։ Ահա այս նոր բնավորության արգասիքն էր և այսօրվան ղալմաղալը, որի համար գլուխդ ցավացնում եմ։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .