Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/670

Այս էջը հաստատված է



273. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

 

Էջմիածին-Թիֆլիս



(էջ 432)



Հունիսի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 83։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Երեկ Օշական էինք - այսինքն՝ հունիսի 17-ին, Թարգմանչաց տոնի օրը։ Այդ ամառ Թումանյանը երկրորդ անգամ էր ժամանում Էջմիածին։ Ճշգրիտ օրը, Էջմիածին կամ Երևան գալու մասին, հայտնի չէ. հաստատ է միայն, որ հունիսի 17-ին բանաստեղծը արդեն Էջմիածնում էր (տե՛ս № 281 նամակի № 4 ծանոթագրությունը)։ Եթե առաջին այցելության (մայիսի 1-ի) նպատակը հայտնի չէ, ապա այս անգամ եկել էր մասնակցելու աննախադեպ մեծ հանդիսավորությամբ նշվող Թարգմանչաց տոնին, «Արարատի» թղթակիցը այսպես է նկարագրում այդ արարողությունը. «Մխիթարական էր տեսնել, թե ինչպես հեռավոր տեղերից և մերձակա գյուղերից ահագին բազմություն էր հավաքվել Ս. Մեսրոպի գերեզման երկրպագություն տալու և երախտամատույց լինելու քրիստոնեական սովորությամբ՝ նրանց կատարած մեծ գործի համար… Պատարագից հետո այդ ահագին բազմությունը ցրվեց Օշականի այգիներն և Վեհափառ Հայրապետի ամառային մեծ այգին և տասնյակ ընտանիքներ և հարյուրավոր մարդիկ, մի-մի ընկերական սեղանի շուրջը բոլորելով, արժանավորապես դրվատում էին այդ օրվա խնկելի սրբոց անունն ու գործը» (Ար, 1904, № 7-8)։ Ուստի և «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում…» սկզբնատողով էքսպրոմտը բանաստեղծը գրել է ոչ թե հուլիսին, ինչպես սխալմամբ նշված է Մ. Մխիթարյանի արտագրած օրինակում և դրա հիման վրա՝ ԵԺ 1, 509, այլ՝ հունիսին։ Գրության ճշգրիտ օրը պետք է համարվի հունիսի 17-ը (Թարգմանչաց տոնի օրը հին տոմարով), այլ ոչ թե 19-20-ը, ինչպես նշված է ՍՀ 1 հատորի ծանոթագրության մեջ (էջ 610)։

2 Հիշատակված օրիորդները Հովնանյան դպրոցի ուսուցչուհիներ են» (պահպանվում են լուսանկարներ՝ բանաստեղծը Էջմիածնում, հիշյալ դպրոցի մի խումբ ուսուցիչ-ուսուցչուհիների հետ, տե՛ս ԹԹ, № 1903, 1907 և այլն)։