6 Առաջին քառատողը մեջբերված է «Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից…» բանաստեղծությունից (ՍՀ 1, 202-203), իսկ շարունակությունը վերլուծություն է, ամփոփում «Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՜կ…» բանաստեղծության բովանդակության (ԱՀ 1, 196)։
285. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 446)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 11 (է): Անթվակիր է, առաջին հրատարակության միջոցին թվագրվել է 1904, ամառ։ Ժամանակը ճշտվում է այս, նախորդ և հաջորդ երեք նամակների բովանդակության համեմատությամբ։ Անթվակիր երեք նամակների (այս, № 286, № 287) հերթականությունը որոշվում է այսպես. Ա. սույն նամակից երևում է, որ նոր է ավարտվել Թումանյանի երկերի և Վարդազարյանի քննադատության վերլուծությունը նամակների միջոցով։ Բանաստեղծն այստեղ խորհուրդ է տվել գրքույկի ձեռագիրը («Վշտի և թախծի երգիչ Հովհ. Թումանյան…») կարդալ հայերեն լավ իմացող որևէ մեկի մոտ։ Բ. երկրորդ նամակում խնդրել է իր կնոջ միջոցով ձեռագիր գրքույկը ուղարկել իրեն ծանոթանալու։ Գ. երրորդից երևում է, որ արդեն գրքույկը ստացեք է Դավթի միջոցով, շտապ կարդացել է և հայտնում է «ընդհանուրի մասին կարճ մի կարծիք» (տե՛ս նամակ № 287)։
Տպագրվել է ԵԺ V, 284:
1 № 282-284 և սույն նամակների գրության առիթը, ինչպես ասվեց, Փ. Վարդազարյանի «Վշտի և թախծի երգիչ Հովհաննես Թումանյան…» գրքույկը տպագրության պատրաստելն էր։ Նամակներում բանաստեղծի արծարծած հարցերից երևում է, որ գրքույկի հեղինակը իր գրականագիտական-քննադատական ըմբռնումներով այնքան էլ պատրաստ չէր ըստ ամենայնի խորությամբ վերլուծելու և գնահատելու Թումանյանի ստեղծագործությունը։ Բայց, չնայած այդ հանգամանքին, Վարդազարյանի նամակների հարցադրումները ստիպել են Թումանյանին դիմելու ինքնավերլուծության, մեկնելու իր տողերը, նրանց ենթաբնագրերը։ Թումանյանի և Վարդազարյանի քննարկվող նամակագրությունն իրավամբ դիտվել է որպես «բանաստեղծի և քննադատի երկխոսություն», որտեղ «արծարծված հարցերը իրենց գրական-հասարակական և հոգեբանական հետաքրքրությունը չեն կորցրել և պետք է արժանի տեղ գրավեն արդի թումանյանագիտության մեջ» (Էդվարդ Ջրբաշյան, Չորս գագաթ, Եր., 1982, էջ 53):
2 Նկատի ունի № 279 նամակը։