Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/69

Այս էջը հաստատված է

«Մուրճի» խմբագիրը, հայտնելով, որ այժմ ինձ գնահատում են և որ ինքը՝ Արասխ<անյանը>, բարձր է պահելու այդ գնահատությունը, հրավիրեց աշխատակցելու «Մուրճին»։ Այսօր կամ վաղը լույս կտեսնի «Մուրճի» փետրվարի №-ը և նրա մեջ կա իմ մի ոտանավորը՝ «Երգչին»։

«Անուշը», որ իմ մյուս պոեմաներից մեծ է և հաջողված, գուցե հանձնեմ «Մուրճին»7, ի՞նչ կասես։ «Անուշի» նախերգանքը, որ ձոն է մի ընկերոջ, որին նվիրված է «Անուշը», ուզում էի այստեղ գրել, բայց տեղ չկա, հետո։

Անցյալները կոնցերտում Շիրվանզադեն երկար խոսելով իմ բանաստեղծությունների մասին, ասաց, որ «Արձագանքը» լույս տեսնելուն պես (մարտին) երկար խոսալու է իմ և Հովհաննիսյանի մասին8։

Դու գիտես արդեն, որ ես դերասանություն էլ եմ անում, անցյալները ներկայացրինք «Ուրիել Ակոստա», այժմ փորձեր ենք անում Շիլլերի «Ավազակները» ներկայացնելու9։ Մեծերիցն ենք բռնել, վերջինումս բավականին պատասխանատու դեր ունեմ։ Այստեղ պետք է հիշեմ, որ առհասարակ ետ չենք ընկնում ներկայացումներից և կոնցերտներից (տանըցոնց մասին եմ ասում)։ Բարև Օլից և Մուշեղից։

Այնքան բաներ կան, որ ինձ թվում է, թե բան չեմ գրել։ Գրվածքդ «Ձայնիկ» թե «Չայնիկ» է, չջոկեցի, ինչո՞ւ չես ուղարկել10։ Էլ ոտանավորներ չե՞ս գրում։ Պատասխանիր։ Բարի գիշեր։

Քո Հովհաննես


<Հ. Գ.> Աֆրիկայից մի տեսարան լավ չելավ11, ուրիշ բան չունեի։

Ինչո՞ւ չես նամակներս իմ հասցեով գրում։

Սերգոն չի երևում, կտեսնեմ։ «Աննա Սարոյանի» հրատարակչին կասեմ12։

«Պավլոս և Վերգինեն» քեզ մոտ չէ՞։ Կորոնեմ13։

Նամակում նամակ։