Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/70

Այս էջը հաստատված է

Մեր գյուղացի Երվանդ Մամիկոնյանը, որ գյուղում գրագիր է և որն արդեն նշանված է Գեղամ վարդապետի քրոջ վրա, յուր եղբոր հետ մի հարսն է փախցրել։ «Նոր դարում» կկարդեիր14։

Հովհաննես
27. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ
1891 թ., մարտի 2, Թիֆլիս
Անուշավան ջ

«Մտքիդ հիշատակարանի» առաջին կտորն ստացա1 և առանց համբերելու, մինչև տուն հասնելը, կոնսիստորում կարդացի։ Գրվածքիդ առաջին մասը, չնայելով ընդհանուր հետաքրքրության, նյութ չէ կարող լինել յուր շատ մասնավորական բնավորությամբ, բայց ընդհանրապես գեղեցիկ բան է։ Առաջին երեսները կարդալով օտար ընթերցողը կկարծե թե դու ձեր տոհմի պատմությունն ես անում, այնինչ ավելի հեռու գնալով, նա կտեսնի այրի մոր փոքրիկ որդու ազնիվ և զգայուն սրտի անմեղ և գովելի փափագը։ Ես զգացվեցի, բայց չեմ կարող մի լուրջ խորհուրդ տալ, որովհետև իմ զգացմունքներս տիրապետում են խելքիս։ Միայն այսքանը կասեմ, որ ինչ որ զգաս՝ այն գրիր։ Քո մի պակասությունդ այն է, որ ուզում ես ամեն բան միանգամից ասել կամ շատ բան ասել միաժամանակ։ «Չայնիկդ» ուզում եմ «Նոր դարին» տալ2։ Հոդվածներդ կարդում եմ և զվարճանում, վերջին հոդվածդ, որի մեջ հիշատակել էիր նվաստ ընկերիդ, պանդուխտ սրտի հառաչանք էր։ (Նոր եմ տեսնում, որ ոչ թե հիշատակել, այլ իշացրել ես)3։

Իմ ընտանեկան կյանքի մասին գուժելու բան չունեմ, սակայն այնքան թախծահար եմ, որ եթե կարողանայի սրտիցս մի քանի խոսք հանել այս թղթի վերա քեզ հասցնելու, համոզված եմ, որ թուղթը կայրվեր։ Արդյոք նկատո՞ւմ ես,