Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/73

Այս էջը հաստատված է

Չգիտեմ գրեցի, թե չէ, որ Մոսկվայից՝ Բարխուդարյանից նամակ ստացա 18 ռուբլի ստանալու մասին։ Գրքերից 400-ից մոտիկ ինձ մոտ կան։ Փողերը դեռ մեծ մասը չեն ուղարկել, գրքի պարտքերը վերջանալու վրա են։ «Տարազումն» ու «Արձագանքումն» հոդվածներ կլինեն գրքիս մասին9։

Շուտ-շուտ նամակներ գրիր, մարդ ես, շուլավերցի խո չես…

Ներողություն, այս անգամ նամակս պատկերազարդ չի, ժամանակ չունեմ։

Քո Հովհաննես
28. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ
1891 թ., մարտի 15, Թիֆլիս
Անուշավան ջան,

Երեկոյան (15-ին), ժամը 10-ին մի թեթև երկրաշարժով Շլեն աղջիկ ծնեց. շատ ափսոսացինք, որ դու այստեղ չէիր կնքավոր լինես1։ Ուրեմն այժմ մի տղա ունենք մի աղջիկ, տեսնենք երրորդն ինչ կլինի։

Այս անգամ նամակդ ուշացավ, գուցե ուրիշ տեղ ես եղած։ Ստեփանը պատմեց, որ «զակուսկեղեն» է ուղարկել, դեռ չես ստացել. ի՞նչպես եղավ։ Առհասարակ առուտուրդ այժմ ինչպես է գնում. դու անշուշտ լավ գիտես իբրև սրտագետ, թե շատ նույնիսկ բարեկամներ կան, որոնք ամենայն անհամբերությամբ սպասում են անհաջողության մեջ տեսնել ինձ ու քեզպեսներին, որոնք հանցավոր են լոկ իրանց գոյությամբ, շատերը կան, որ ուզում են ծաղրանքի տակ ծածկել մարդու ոտով-գլխով, իսկ լսողը քննելու ջափա չի քաշում, սակայն «ով կուզե հաչե, իմ բանն աջ է»։ Ես սպասում եմ այս ժողովրդական դարձվածքը քեզնից լսելու։