Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/78

Այս էջը հաստատված է

չերևաց։ Պահանջեցին վերցնել։ Այս հարցը քվեարկվեց, միայն 30 հոգի կանգնեցինք, գուցե ավելի քիչ, որ վերցնեն այն տուփերը։ Կարծեմ ավելորդ է երկար ու բարակ բացատրել այս վարմունքը, որ ավելի ստորացնում է քվեարկող ժողովի վեհությունն ու հարգը, քան թե փախած կամ բացակա քվեարկվողին։

«Մուրճի» այս համարում տպված էր իմ «Գութանի երգը»4, մի կարճ ոտանավոր, շատ են հավանում, գուցե «Կալինն»5 էլ շուտով տամ։

(Խ)[1] «Տարազին» տվել էի մի ոտանավոր՝ պանդխտության աշխարհից էր. այդ ոտանավորի մեջ թուփը խոսում է պանդուխտի հետ.

…Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները, և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.
     Գոչող ջրվեժը, որ ողողելով
Իջնում է գլխից, մռայլ ժայռերի,
Եվ թռչունները6, որ ճռվողելով
Մերթ խլացնում են աղմուկը ջրի.
     Երկրի վայրենի գեղեցկությունը,
Եվ գեղածիծաղ երկինքր անհուն,
Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
Վաղ առավոտյան, իրիկվան պահուն…
     Եվ այն բոլորը, որ թողել ես դու
Որ այնքա՜ն փարթամ, այնքան սիրուն են…
Օ՜, մի՛ արտասվիր, խորտակված մարդու
Արտասուքները այստեղ դին չունեն։—
     Նրանք այս օտար ու սառն աշխարքում.
Կկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
Եվ քո թախիծը, դարձյալ քո սրտում,
Մենակ քո անձը պիտի տոչորի7

  1. Խարազ - բառախաղ է՝ նշանակում է մաշկակար։