«Թուփն ի՞նչպես կխոսա»,-հայտնեց և վերադարձրեց «Տարազը», սրա տեղը դնելով Սրնգի «Վիշտը». երանի կարդաս8։
«Ա՛յ, «Մուրճին» լավերն ես տալիս»,— ասում է օրիորդ Տիկլանը9։
Բարևիր Ստեփանին և ամենայն լոռեցոնց, որ ի կողմանս Լեհաստանի։
Քեզանից հեռանալու առաջին օրը, մինչև գիշերվան ժամի 11-<ը> հասանք Սարվան թուրքաբնակ գյուղը. ես անդադար ետ էի նայում, միշտ դեպի քաղաքի հորիզոնը, և քաղաքի վրա ու շուրջը կանգնած մառախուղը խեղդելու չափ ճնշում էր սիրտս…
Մուշեղի հիվանդությունը և Աշխենի տաքությունը ինձ սաստիկ անհանգստացնում էին։
Առաջին գիշերը Սարվանում անտանելի էր։ Շուտով կհամաձայնեի կոնսիստորի մի շրջաբերական հրաման գրել, քան թե այնպիսի մի գիշեր անցկացնել Սարվանում. մի կողմից՝ միտքս էր տանջում ինձ, սիրտս էր կտրատում, մյուս կողմից՝ մոծակն ու լուն, և ես ամբողջ գիշերրը անքուն նստած էի ֆուրգոնում։ Ժամի մոտավորապես մեկին թեյ պատրաստեցին, ֆուրգոնի մեջ մթնում խմեցի, բայց հետո, երբ մոմ վառվեցավ, նայեցի, բաժակի տակ մնացած ցեխի մեջ լիքն էին թիթեռներ և զանազան միջատներ. ա՛յ, ինչ կնշանակի շաքարի վրայի թոզը փչել։ Խեղճ դուքանչին առաջուց հայտնեց, թե ջուր չունի, ցեխ է, բայց մեր ընկեր թեյամոլ ջալալօղլեցին և մալականները ցեխը չեղածից գերադասեցին։