Այս նամակը այսօր Ջալալօղլի հասցնելու համար մի տղա է գնում (այսօր փոստը Թիֆլիս է գալու)։ Եթե քեզանից նամակ կլինի եկած՝ կբերեն, դրա համար էլ նամակ եմ գրել։ «Այս վերջին նամակս կլինի, սրանից հետո ես կգամ անձամբ»։
Երկար ժամանակ գրչադուլ ունեցանք հանգամանքների բերմամբ։ Շատ անցքեր անցան, որոնք արժանի էին մեր նամակների մեջ բռնելու պատվավոր տեղ։ Թող նրանք էլ գնան հանգստանան մոռացության հավիտենական խավարում, հանգիստ թողնելով նաև մեր սրտերը։ Իրավ, շատ ու շատ ուշադրության արժանի երևույթներ և անցքեր միշտ խուսափել են և խուսափում են իմ նամ ակներից, այդ խոստովանում եմ։ Ես նրանց չեմ ձևակերպում իմ գրությունների մեջ, բայց նրանք թողնում են սրտումս խոր հետքեր, թե լավ, թե վատ1։
Ես այս նամակով մտադիր եմ քեզ մի քանի տեղեկություններ հաղորդելու և հարցեր առաջարկելու։
Այդ տեղեկություններր ազգային են. —Սուքիաս և Ներսես եպիսկոպոսները կայսեր սեպտեմբերի 19-ի ստորագրած բարձրագույն հրամանի համաձայն՝ զրկվեցան իրանց ունեցած բոլոր պաշտոններից, բայց նրա մեջ ասված չէ աքսորի մասին ոչ մի խոսք, այնինչ՝ ամսույս 15-ին, հիշյալ եպիսկոպոսները առանձին վագոնով, ժանդարմների հսկողության ներքո, գնացին Ռուսիայի խորքերը ամառանոց (աքսոր)2։ Հազար ու մին բացատրություն են տալիս հազար ու մին մարդիկ, ավելորդ են համարում դրանցից մինչև