Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/90

Այս էջը հաստատված է

այսուամենայնիվ, ոչ մեկը չէր դիմիլ մատնության, միայն սազում է, այստեղ էլ քեզ ուղարկում եմ դարձյալ Մոլլա Նասրեդինի մոտ, երբ որ նա յուր մոխրաթավալի կողքին կանգնած ամբաստանող անցվորներին ասում է. «ես չեմ արել, բայց սազում է...»։

Միևնույն օրը հաստատված են Սինոդի անդամ Արիստակես և Աղվանյան եպիսկոպոսները և Բարդուղիմեոս վարդապետը, որի աշակերտը լինելու պատիժն եմ ունեցած, և երկու մականուններով հավերժացրել եմ նրա անունը Ներսիսյան դպրոցի սաների հիշողության մեջ, այն է՝ ջրապիպիզ և ճրագթաթ։

Հա՛, մոռացա ասել, որ իրավաբանները անիրավաբանների հակառակ պնդում են, որ կայսրը, եթե այդպես չվարվեր, աքսորականները ընկնելու էին դատի տակ և զրկվելու էին նաև կարգից։ Ինչևիցե, էս բանը ես ու դու չենք արել։

Անցած օրերը գնացի թատրոն, որովհետև այդ երեկոյան տպավորությունը մեծ եղավ ինձ վերա, ուզում եմ հիշատակել. ներկայացնում էին «Փարիզի աղքատներ» պիեսան7։ Թեև մամուլը չհավանեց (պիեսան, ոչ թե խաղը), որովհետև ֆրանսիական ռեպերտուարից դուրս է ընկած8, բայց ինձ շատ ազդեց, քան թե նրանք, որ դուրս չեն ընկած, և ես այն երեկո զգացված էի։ Դահլիճում ման գալիս բոլոր հանդիսականների ուշքը գրավել էր մեր հայրենակից տեր Ներսեսի (Զրկինանց) աղջիկը. նա սիրախոսելով և շատ անհամեստ կերպով տարփում էր մի վիթխարի, բայց շատ անճոռնի օֆիցերի հետ. բանից դուրս եկավ, որ տիկինը ոչ թե ճաշակին, այլ փեշակին է ծառայում և նրան ավելի գրավում է վիթխարին…

Սրա ամուսինը, որին ամենայն իրավունքով կարելի է ամեն իրիկուն–առավոտ եկեղեցի ուղարկել հոգու համար աղոթք անելու, հեռու կանգնած, մի տարօրինակ խեթ հայացքով հետևում էր յուր ջահել կնոջն ու նրա կավալերին։ Ես տեսնում էի նրա աչքերից, որ նախանձը և նախատինքը մեծ գործ են կատարում նույն րոպեին նրա ներքին աշխարքում։