Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/98

Այս էջը հաստատված է

մոթալի թայերից, թանից դուրս է գալիս, որ այն մոթալը ոչ թե փչացած է եղել, այլ նրա նման սրանք էլ են տաքությունից ու չաղությունից մի քանի օր այնպես եղել, իսկ այժմ, մանավանդ հովն ընկնելով, ամենահամեղ բան են դարձել։ Այսուամենայնիվ, ես էլ մոթալ չեմ բերիլ, այլ ուրիշ բաներ։ Խալիչի գյաֆը մորս պատմեցի, ասաց՝ չէր կարելի մի տելեգրամ էիք տվել ու տեսել, թե քանի սհաթումն էի հասցնում։ Մեզ համար այս խալիչայից, ինչպես ես առաջ դրել էի, պատրաստվում են կարմիրը գործելու, արդեն թելերը պատրաստում են մեծ պասին սկսելու, բայց ես ուզում եմ, որ ոչ թե սրա նման, այլ այդ փոքրը, որր բերել եմ, մեջը դրա նման լինի, իսկ եզերքը ավելի մուգ։ Այսօր հինգ տեղ հյուր եմ եղել։ Այստեղ թեև մի արշին հաստությամբ արդեն մի շաբաթ է, որ ձյունը նստել է, բայց համեմատաբար ավելի տաք է, քան թե քանդված ճանապարհները։

Վերջապես նկարագրություններն ինձ չեն գրավում, այստեղ թող ընդհատեմ այդ նկարագրությունները և խոստովանում եմ, որ ամեն բան տանելի է, թե ցուրտ, թե պակասություն, թե վտանգ, միայն անկարելի է դիմանալ սիրած կնոջ կարոտին, մանավանդ ինձ նման, <երկու տող անընթ.> մեկի համար. ես այժմ եմ զգում, որ ես բոլորովին կյանքի արկածների համար չեմ ստեղծված։ Ես արդեն տեսնում եմ, որ չեմ կարողանում տանել նույնիսկ մի քանի օրվան անջատումը, նույնպես և այսպիսի հազար ու մի տեսակ դրություններ տանջում են իմ սիրտը, բայց իմ հպարտ ինքնասիրությունը ծածկում է ամեն բան և ես լռում եմ շատ անգամ, բայց այդպիսի լռությունը սարսափելի է, նա կործանում է առանց աղմուկի։ Վերջ ամենայնի, ափսոս, որ մարդու սիրտը քարից չի լինում։

Մի դեպք պատմեմ (անեկդոտ). Սարվանում գիշերը, երբ որ սառած ման էինք գալիս ձեռքներս փչելով, որ գիշերն անցնի, մի մալական, որն յուր ունեցած քուրքը տվել էր յուր կնոջը ֆուրգոնում պառկած, դարձավ ինձ այս խոսքերով.-