Այս էջը սրբագրված է



1

Տասը տարուց ի վեր նրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ իր կյանքի կմախքացած, բայց փոթորկոտ նավը ո՞ր ափին զարնվեց։ Մինչև անգամ չեմ իմանում՝ ո՞ղջ է թե մեռած։

Բայց հիշում եմ նրան իր ողջ կերպարանքով, իր բոլոր պառավությամբ։

Մեր սերունդից տակավին շա՜տ շատերը ճանաչում և հիշում են նրան՝ իմ հորաքրոջ, որ ամեն տեղ էր— մեռելտանը, հարսանիքներում, կռվի և բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզը, հիվանդի գլխուն վրա, տղացկան մոր ոտների տակը, ժառանգությունների բաժանման մեջ, դատարանի դռանը, բաղնիսում, ժամի բակը, դպրոցի հոգաբարձուների մոտ, նշանտուքի և խոսքկապի հազար ու մի շղթաների մեջ։

Նա մի կին էր, որ երբեք սիրած չէր։ Նրա արտահայտությունը նման էր այն էգ կատվին, որ մայիսը առանց արու կատվի անցկացնելուց հետո՝ ման է գալիս տանիքներն ու տան անկյունները կծու նայվածքներով և ամեն մի փոքրիկ աղմուկից անգամ պատրաստ է ցցելու իր ստեվները։

Իմ հորաքույրը անց էր կացրել մոտ յոթանասուն մայիսներ առանց արուի և ման էր գալիս մեր տանը և մեր փողոցներում դառնացած և իր դառնությունների համար օրերին, իրերին և մարդկանց դեմ չարացած։

Պարտված այս էգը թշնամի էր ամեն ընտանեկան խաղաղության, բոլոր բարի ժպիտների, բոլոր արևոտ արտահայտությունների։

Իր մարմնի բոլոր մասերը բուրում էին կծվություն և բարկություն։ Բարկացած էր բոլորի դեմ։

Նա երբեք չէր սիրել։


2

Իմ հորաքույրը ձմեռները կաղ էր, վույվույով երաժշտագին, իսկ ամառները՝ առողջ։