Այս էջը սրբագրված է

այն մարդը, որ հորաքրոջս առաջարկել էր, և նա մերժել էր ամուսնանալ։

Ամեն անգամ, որ Նազար էֆենդին մեր դռան առջևից էր անցնում, հորաքույրս խոր հառաջ էր արձակում և ասում։

— Ի՜նչ դմբոն էի այն ժամանակ, որ ատ մարդը չառի, փոխանակ եղբորս տունը մնալու, Նազար էֆենդիի տունը խանում խաթուն կըլլեյի։

Այս ասելուց հետո՝ հորաքույրս խորունկ «ա՜խ» էր քաշում, և երկու կեղծ և պատրաստի արցունքի կաթիլներ վազում էին իր սև և ծալքոտած երեսների վրա։

Շատ լավ եմ հիշում Նազար էֆենդին։ Ամառ և ձմեռ կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց էր կրում, չոր, ցից-ցից մազերով, յուղոտ ֆեսով։ Նրա երկու աչքերն իրարից տարբեր ուղղությամբ էին հառում, կարծես նրանք տարբեր նպատակների էին ձգտում կամ տարբեր-տարբեր գանգեր էին նրանց հրամայում։ Նազար էֆենդու քայլվածքը նման էր այն իշու քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջը անհոգության պատճառով, քսվում, գալիս, հասնում է մինչև պոչին վրա, ծանրանալով միայն հետևի երկու սրունքներին, և խեղճ էշը ստիպված է զառիվեր բարձրանալ։

Բայց իմ հորաքույրս այդպե՞ս էր տեսնում Նազար էֆենդուն։ Ո՛չ։ Նրա աչքին Նազարը ուրիշ կերպ էր ներկայանում։ Նա հաճախ ասում էր.

— Մա՜րդ, ի՜նչ մարդ… բոյը բոսը տեղը, շարժվածքը, օլըրտվածքը, լուրջ, քիչ խոսող, չխմող, կնկանը Ալմաս մը կըսե, Ալմաս մըլ բերնեն կըյնի, տունը տեղը լեցուն, վաստակը տեղը, խանութ ու մուշտարի ունի։

Նազար էֆենդու բոյը, ճիշտ է, այնքան էր երկարած, որ այլևս պատճառաբանված չէր և դրա համար էլ կռացել էր նա, ամաչելով, երևի իր raison d'etre-ի չգոյությունից, բայց խանութ և մուշտարի ունենալու հայտարարությունը շատ էր չափազանցված։

Նազար էֆենդին երեսուն տարուց ի վեր մեր քաղաքի մի խեղճ անկյունում ուներ մի փոքրիկ եռանկյունի կրպակ, ուր առավոտից մինչև իրիկուն զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Իր ողջ «գրասենյակի» կահկարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի չվաններով