Այս էջը սրբագրված է

իր կայունությունն էր պահում, մի թանաքաման, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ, որ այլևս թափանցիկ չէր, այնքան էր փոշոտած, ապա մոռացա ասելու՝ մի ավել, որ անգործածելի լինելուն համար դառել էր սարդի բույն։

Նազար էֆենդին, պետք է լինեմ արդար, ժառանգական և ամուսնալուծական դատերի համար էլ աղերսագրեր էր գրում, որ պարզապես արտագրում էր մի հին հաստափոր գրքից, փոխելով անունները և թվականները, և երբեմն էլ մի փոքրիկ հավելված էր հանդգնում՝ նայած նոր աղերսանքի էության։ Նազար էֆենդին ամեն մի աղերսագրի համար ստանում էր 60 փարա, իսկ պատրաստի նամակների՝ 10 փարա։

Այսպիսով էր Նազարը՝ էֆենդի՜ն, «տունը տեղը լեցուն» պահում ։

Նազարը օրեկան 50 տրեմ միս էր ուղարկում իր տունը և նոր միրգ դուրս գալուն պես՝ փաթթում էր իր նոր թաշկինակում և Ալմասին ու երեխաներին համար, ժպտուն դեմքով, տանում էր տուն։

Հիշում եմ՝ գարունքից սկսած, ամեն 15 օրը, Նազարը նստեցնում էր Ալմասին իշու վրա և տանում էր Ս. Նշան՝ ուխտի։

Այս ուխտը խոր նպատակներ ուներ՝ Ալմասը միշտ ունենում էր աղջիկ զավակ։ Խեղճ ծնողների աչքը ջուր դառավ և մի տղա զավակ դուրս չընկավ։ Նազարը մտահոգվում էր, որ, մի՜ գուցե, մի որդի չունենար իր երջանիկ սերունդը շարունակելու… նա հաճախ ասում էր իր կնոջը.

— Վաղը մյուս օր փիճ[1] մը դուրս կուգա՝ աղջիկներնուս մեկը կառնե կերթա, ուրիշ օր մը ուրիշ մը՝ երկրորդս կառնե կը կորսվի, մենք կը մնանք մեր տան պատերու մեջը, հարս մը չենք ունենար, որ մեզ խնամե։

Բայց Ս․ Նշանը ի՞նչ կապ ուներ առհասարակ կանանց սեռային ընդունակությունների հետ, մանավանդ որ Նազար էֆենդին երբեք չէր թողնում իր կնոջը մենակ, որպեսզի գեթ Ս. Նշանի սուրբերը մոտենային նրան։

  1. ապօրինի զավակ, պոռնկորդի