Այս էջը սրբագրված է

Ահա՛ Նազար էֆենդին։

Արդյոք Նազարը մի՛ օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին՝ դա հարց է, որովհետև այդ մարդը, մեր պատուհանի առջևից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս փնտրում։

Մի անգամ այդ մասին հարց տվի մայրիկիս։ Նա ասաց.

— Լավ չեմ հիշեր, տղա՛ս, 30 տարի առաջ օր մը այդպես խոսք եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնաց և ոչ ոք առաջարկություն չըրավ։


4

Հորաքույրս ընկույզից շինված մի խոշոր սնդուկ ուներ՝ երեք հոգի կարող էր ծալապատիկ նստել մեջը, որի բովանդակությունը միայն տան փոքրիկներն էին իմանում, որովհետև նրանց կարևորություն չէր տալիս և բաց անելիս՝ չէր հեռացնում նրանց իր մոտից։

Դժվար թե ես հիմա կարողանամ վերհիշել այն բոլորը, ինչ կար այդ հնամյա սնդուկում— 30 տարվա հին ոճով կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսսրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիկներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան կերպասեղենի կտորներ, հին, ծռած ոսկիներ, մարգարիտներ, տեսակ-տեսակ քարեղեններ, փոքրիկ մետաքսե խալիչաներ, արծաթե թաս, ծխամորճեր, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերների շրջանակներ, փիանկոյի[1] թղթեր, հին թղթադրամներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ, հին ավետարաններ, Երուսաղեմյան կարմիր խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնոցներ, վերջապես զանազան իրեղեններ…

Դա հորաքրոջս համար սնդուկ էր, իսկ հորս համար՝ ցավ։

Մի օր լսեցի, որ հայրիկս խոր վշտով իր քրոջը ասում էր․

— Քո՛ւրս, հին բաները կը պահես՝ պահե՛, բայց գոնե նոր բերածներս հագիր, որպեսզի դուրսերը վրաս չի ծիծաղին,

  1. վիճակախաղի