Այս էջը սրբագրված է

բազուկները վեր էր բարձրացնում, խաչակնքում երեք անգամ և ասում.

— Տե՜ր, դու պահյա՛ զմեզ ի փորձութենե, Տե՜ր, Տե՜ր անոխակալ և երկայնամիտ։

Դրանից հետո հորաքույրս մտնում էր Մեմիկ հանըմի տունը։ Նա վարպետ էր խոսք բանալու մեջ, ինչ նյութի մասին էլ խոսվեր՝ նա կարող էր խոսքը ավտոմոբիլի պես շուռ տալ և բերել գցել իր ուզած ուղին։ Մեմիկ հանըմի տունը մտնելու պատճառն էր բամբասել Հազարխան խաթունի աղջկան, որ զրույց կար, թե պետք է նշանվեր Մեմիկ հանըմի քրոջը ամուսնու քրոջը թոռան հետ։

— Գիտե՞ս, Մեմիկ հանըմ,— սկսում էր պառավը,— իմ գործս չէ թեև, բայց որովհետև ես քեզ շա՜տ կը հավնիմ՝ կուզեմ որ ձեր տունը լավ հարս գա։ Երեկ բաղնիքն էի և, ի՜նչպես եղավ, մտա Հազարխան խաթունի օդան, և ի՞նչ տեսնամ— աղջըկան ճռվները (սրունքները) դեղ կը քսեր, ո՞վ գիտե, ըսի մտքես մեջ, ի՜նչ հիվանդություն ունի, մտմտացի, թե Մեմիկ հանըմը սախա՞տ՝[1] պիտի բերե իր տունը։

Մեմիկ հանըմի տունը չպետք էր գար հարսը։ Մեմիկ հանըմը ամուսնու քրոջը թոռանը հետ որևէ կապ չուներ, բայց Մեմիկ հանըմի համար էլ այդ խոսակցությունը քաղցր էր, որովհետև Սարգիսին (իր ամուսնու քրոջր թոռը) ամուսնացնելու մտադրություն կար, բայց Մեմիկ հանըմին «շան տեղ» չէին դրել և իրեն ոչինչ չէին հարցրել։ Հորաքրոջս խոսակցության նյութը չափից դուրս շահագրգռեց նրան և աճեցրեց նրա անտեղի հետաքրքրությունը։ Սրունքներին դեղ գործածել բաղնիսում… ուրեմն անպայման մի ջղային անբուժելի հիվանդություն գոյություն ունի։ Մեմիկ հանըմը, առանց հորաքրոջս ճամբու դնելու, շալը քաշեց գլխին, որպեսզի գնա և գեթ Սարգիսին հայտնի իր «անձնական քննության» արդյունքը։ Հորաքույրս կաղ-կաղ վազեց նրա ետևից մինչև դուրսի դուռը և իբր վերջին խոսք՝ ասաց.

— Աղջիկ եղած ատենս իմ ճռվըներս ըլ այդպես էին, ատոր համար այս հալին ընկա։

  1. հաշմանդամ