Այս էջը սրբագրված է

Ուրիշ ժամանակ ասում էր, որ իր սրունքներին ցավը վերջեն ժառանգած ցավ էր, բայց այս պարագային իր խոսքի՝ բամբասանքի կշիռը պահելու համար իր կաղության պատճառները տարավ և կապեց մինչև աղջիկության շրջանին։

Այս երկու տներից հետո նա կարգով մտնում էր զանազան ուրիշ տներ իր «տեսածները» իրենց տեղերը հասցնելու։ Օրինակ՝ մեկի համար ասում էր.

— Երեսը տեղն է, բայց մարմինը չորցած է, իմ մարմինս քեզի օրինակ։

Իր կմախքը օրինակ էր բերում 17—18 տարեկան մի աղջկա մարմնին, որ եթե դագաղում էլ լիներ, ավելի թարմություն ուներ, քան հորաքույրս իր կենդանությանը։

Մի ուրիշ աղջկա համար ասում էր.

— Մարմնին վրա տղամարդու պես մազ ունի, ի՜նչ աղջիկ է որ…

Այս բոլորր բաղնիսից դուրս, բայց նա երբեմն ողբերգություններ էր խաղում բաղնիսի ներսում։

Շատ լավ եմ հիշում՝ մի օր բաղնիսի դուրսի ընդհանուր սրահից մի ծանոթ կին մեր սենյակը եկավ և մայրիկից խնդրեց մեր ջրից օգտվել։ Մայրիկս ուրախությամբ արտոնեց և ասաց.

— Խնդրելու պետք չկա, Օղաբեր հանըմ, հրամեցե՛ք։

Մայրիկս ասաց և գնաց դուրս մի քիչ ցուրտ օդ շնչելու։

Հորաքույրս ներս եկավ և տեսավ, որ Օղաբեր հանըմը լվացվում է։

— Մեր սենյակեն դո՛ւրս գնա,— հրամայեց նա։

— Վարդեր խաթուն,— ասաց Օղաբեր հանըմը,— խանըմը արդեն հրաման տվեր է։

— Խանըմ-մանըմ չեմ ճանչնար, գնա՛ դուրս,— կրկին հրամայեց մեր պառավը։

Օղաբերը զայրացավ։ Սա էլ այնպես մեղմ կանանցից չէր։ Երկուքը սկսեցին իրար խոսքեր կանչել՝ գնա՛—չե՛մ գնա — դուն ո՞ր շունն ես՝ հալա կը խոսիս՝ դիպան իրար։ Օղաբերի ազգականները հավաքվեցին մեր սենյակը, երկու կողմի տաքության աստիճանները իրենց սահմանները անց կացան, և բաց արվեց ողբերգության վարագույրը։ Օղաբերը և