Այս էջը սրբագրված է

Այս խոսքը դառավ մի նոր և ահավոր ցավ։ Հորաքույրս մեկնաբանեց, որ Խաչերը հիվանդ է և դրա համար են ուղարկում։ Մինչև մեկնելու օրը գովեց ու լաց եղավ, լաց եղավ ու գովեց իր տղին՝ կարծես թե նրա դագաղը դրված լիներ իր առջև։ Ամբողջ մեր ընտանիքը Հոբի համբերությամբ համբերեց այն մեծ հույսով, որ որքան լաց և շիվան՝ այնքան մեկնելու մտքի խորացում։

Ութը մարդ հազիվ կարողացավ հորաքրոջս տնից դուրս բերել և կառք նստեցնել ոտները իրար էր զարնում լաց լինելով և ճչելով։

— Խաչե՜րս, Խաչե՜րս, քոռնայի, քեզ այս օրին չի տեսնեի։

Հաջի Մայրը Պոլսում մի աղջիկ թոռ ուներ, որ պատկերով նշանվել էր Եգիպտոսում ապրող մի հարուստ վաճառականի հետ։ Հաջի Մայրը գնում էր Պոլիս, որպեսզի իր թոռը տանի Եգիպտոս և ամուսնացնի։ Հորաքույրս պիտի մնար Պոլսում, Խաչերի մոտ։

Ճանապարհին հորաքույրս մի քանի կռիվներ կը սարքի Հաջի Մոր հետ։

— Վա յ, դուն այսպես ըսիր, վա՜յ, դուն այնպես ըսիր։

— Վարդե՛ր,— աղաչում է Հաջի Մայրը,— սիրտդ հանգիստ պահե, ծով պիտի անցնենք, Աստուծո բարկությունը մի հրավիրեր մեր վրա։

— Շիտակ բանին Աստված չի բարկանար,— պատասխանում է հորաքույրս։

Մենք լսեցինք, որ Պոլսում Խաչերը մի կերպ աջողացնում է իր մորը ճանապարհ դնել Հաջի Մորը և նրա թոռանը հետ դեպի Եգիպտոս։ Թե ինչպես էր եղել, որ այդ կռիվներից հետո Հաջի Մայրը համաձայնվել էր՝ ես չգիտեմ։

Հորաքրոջս մեր տնից դուրս գալուց հետո՝ մեծ քրոջս բախտը ժպտաց։ Նրա բախտը սկսեց վարդի կոկոնի նման բացվել։ Քույրս 17 տարեկան էր, սիրուն, սև աչքերով և հասակով։ Ըստ մեր Խարբերդի սովորության՝ նա պետք էր բերնի ծամոն դառնար արդեն երկու տարուց ի վեր։ Պետք էր որ մի քանի անգամ հարսնության ուզեին նրան, ծնողները մերժեին, պետք էր ողջ քաղաքում խոսքի և զրույցի առարկա դառնար, բայց որի՞ բերնին էր ընկել մոտենալ մեր տանը և