Այս էջը սրբագրված է

դժգունած և այլայլված, իր ջինջ աչքերում մի քանի կաթիլ արցունքով, ողբագին ասաց.

— Երեք սև ագռավ մեկանց կկանչեն մեր կտրի վրա,— և չի կարողացավ գուշակություն անել։

Երեկոյան հայրիկս սովորական ժամից ավելի շուտ տուն եկավ և անմիջապես մտավ անկողին։

— Մարգարի՛տ,— ասաց նա մորս թուլացած և դժգունած,— հիվանդ եմ, սիրտս կը ցավի։

Հայրս այդ օրվանից ոտքի չկանգնեց, անկողնում հիվանդ մնաց մինչև կաղանդի կես գիշերը։

Հորս հուղարկավորությունը տեղի ունեցավ այն նոր տարվա ցուրտ առավոտը։

Տեղի էր ունեցել ահեղ բան՝ հայրիկս չկար։


8

Հորաքույրս գտավ իր անխորտակելի պարանը՝ վրան խազալու, պար գալու։ Հայրիկիս վախը չկար, իսկ տան մյուս անդամներն էլ հորս մահվան վշտով էին տարվել։ Նրա առաջին գործը եղավ ընկնել մեր նոր փեսայի ետևից, որի ամուսնությունը արդեն մոտ էր։ Հորաքույրս որևէ պատճառ չուներ մեր փեսային թշնամի լինելու, իսկ քույրս էլ խենթի նման սիրում էր իր նշանածին և փոխադարձաբար։

— Առանց ինձ նշանե՜ն, ինձ մարդու տեղ չդնե՜ն , ես այս տան մեջ ո՛չ աղախին եմ և ո՛չ ըլ շուն,— մտածում էր հորաքույրս, ավելի ճիշտ՝ դավադրում։

Առաջին գործը եղավ մորս միտքը պղտորել, բայց չօգնեց, հետո մեծ եղբորս գրգռեց փեսայի դեմ և պատճառ եղավ մի շարք անհամ և անհարկի կռիվների, մինչև անգամ, ապտակ, ամաններ իրար գլխի և այլն։

— Հակո՛բ, գառնո՛ւկս,— գաղտնի փսփսում էր հորաքույրս մեծ եղբորս ականջին,— փեսադ ասդին անդին, գլխեն դուրս խոսեր է, որ իբր թե դուն չես կրնար հորդ տեղը բռնել, շռայլ ես, պատիվ չես բերեր տանը, թե հորդ հին բարեկամները կամաց-կամաց կը հեռանան և փուշտերու[1] հետ գործ ունիս։

  1. սրիկա, խարդախ