Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/113

Այս էջը հաստատված է

Երկար ժամանակ առյուծներն իրոք որ աֆրիկյան սավաննաների տիրակալներն էին։ Տեղի բնակիչները հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ահա եկան հրացանավոր մարդիկ և առյուծներին արդեն չէին կարող փրկել ոչ ուժն ու ճկունությունը, ոչ էլ համարձակությունն ու թաքնվելու հմտությունը: Շատ շուտով նրանց գրեթե լրիվ ոչնչացրին: Այժմ առյուծները պահպանվել են Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում և արգելանոցներում, ինչպես նաև, շատ քիչ քանակությամբ Հնդկաստանում:

Սկզբում կարծում էին, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվեց հակառակը: Պարզվեց որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում էին հիվանդ, թույլ կենդանիներին, և այդ պատճառով էլ վարակիչ հիվանդություններն այդքան չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար, այն էլ հատուկ թույլտվությամբ: Առյուծներն անազատ պայմաններին հարմարվում են արագ և նույնիսկ, բազմանում են:

Առյուծի նորածին ձագուկները՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են, մոտավորապես 30 սմ երկարությամբ, խայտաբղետ, հետո մեծանալով, նրանք դառնում են միագույն:


Ասեղնագործություն

Հայկական լեռներում բքաշունչ ձմեռ է: Գյուղական տան թոնրի շուրջ նստոտած երեխաներն ականջ են կախել տատի հեքիաթին։ Երբեմն-երբեմն երդիկից, որ հին տներում լույսի միակ աղբյուրն էր, վար են սահում ձյան ճերմակ, գեղեցիկ փաթիլները, իջնում պարզած ափերին և տեղնուտեղն էլ հալչում։ Եթե հնարավոր լիներ պահել այդ փաթիլները, նրանցով զարդարել տունը, զգեստները: Արագ-արագ ասեղնագործող տատը ժպիտով ընդհատում է երեխաների ափսոսանքի ճիչերը և ցույց տալիս նրբակար անկրկնելի զարդանախշեր: Դրանցից ամեն մեկն ասես իջնող փաթիլն է, որն ասեղի ու թելի հմուտ ու հնարամիտ խաղով անմահություն է ստացել..

Ասեղնագործությունը գալիս է հնուց: Սկզբում մարդիկ օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա փայտից, փղոսկրից, այնուհետև մետաղից պատրաստված ասեղներ: Ասեղնագործությամբ զբաղվել են դեռևս հին աշխարհի մի շարք ժողովուրդներ, իսկ ամենահայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը:

Ասեղնագործությունը շատ զարգացած է եղել Հին Հայաստանում: Այն ավելի է տարածված եղել, քան գորգագործությունն ու կարպետագործությունը (այդ