Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/120

Այս էջը հաստատված է

Մարիանյան անդունդի ամենամեծ խորությունը 11 կմ է։ Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։ Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ` թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք` ճանապարհին կործանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով խիստ տեղատարափ անձրևներ:

Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Նրա ափին ամռանը շոգ է, ձմռանը` խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի և կիտրոնի ծառեր, խաղող:

Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ լիճը` Կասպիցը և աշխարհի ամենախոր լիճը` Բայկալը: Ասիայի շատ գետեր սկիզբ են առնում լեռներում հալչող սառցադաշտերից։ Այդ գետերն ամբողջ տարին ջրառատ են։ Դրանց վրա կառուցում են հիդրոէլեկտրակայաններ:

Աշխարհամասի հյուսիս-արևելքում, Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը` ցրտի բևեռը: Իսկ հարավում, Հիմալայներից ոչ հեռու, Երկրի «ամենաթաց» վայրն է` Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը:

Ասիայի ընդերքում կան բազմաթիվ օգտակար հանածոներ, հատկապես` նավթ, գազ, քարածուխ և գունավոր մետաղներ։


Ասմունք

Ամեն մի աշակերտ կարող է նկատել, թե ինչպես դասընկերներից մեկն արտասանում է ազդու և տպավորիչ՝ լսողի ուշադրությունը գրավելով, իսկ մեկ ուրիշը այնպես անհույզ ու միալար, որ լսողը մնում է անտարբեր:

Ասմունքի արվեստի կամ ինչպես սովորաբար ասում են` գեղարվեստական ասմունքի էությունը հենց այդ տարբերության մեջ է: Ասմունքը արձակ և չափածո գրական երկերի արտասանության արվեստն է։

Ինչո՞ւ մեկի արտասանությունը տպավորություն է թողնում, մյուսինը` ոչ: Ո՞րն է գաղտնիքը: Այն, որ խոսքի իմաստը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ է ասվում, այլև նրանից, թե ինչպես է ասվում։ Նույնիսկ ամենալավ խոսքը «Այո, իհարկե, ես ձեզ շատ եմ հարգում», կարելի է ասել այնպիսի հեգնանքով, որ դա հնչի ճիշտ հակառակ իմաստով։

Ինչո՞վ է պայմանավորված այս զարմանալի երևույթը:

Հնչող խոսքի ինտոնացիայով՝ հնչերանգով: Այդ հնչերանգը բավական բարդ և բազում տարրեր պարունակող հասկացություն է: Հնչերանգն է, որ բանավոր խոսքին տալիս է իմաստ և հուզական ուժ: Դրա համեմատ էլ մասնագետները տարբերում են խոսքի հուզական և իմաստային հետևյալ հատկանիշները, տրամաբանական (իմաստային) պաուզա (դադար), շեշտ, տեմպ (խոսքի արագությունը), մեղեդի (բանավոր խոսքն ունի իր մեղեդին) և հուզական պաուզա, շեշտ, տեմպ ու մեղեդի:

Չե՞ք նկատել, որ ամեն ոք ձգտում է իր խոսքը դարձնել համոզիչ: Այդ նպատակով էլ ամեն ոք խոսքի մեջ դադարներ է տալիս, ուժեղ շեշտում է հատկապես կարևոր բառերը, խոսում է այն արագությամբ, որ ներդաշնակ է խոսքի բովանդակությանը, խոսքի մեղեդին կազմակերպում ըստ իր հուզական վերաբերմունքի:

Այսպես է նույնիսկ առօրյա կյանքում:

Այս նույնն են անում նաև ասմունքողները, ինչպես և դերասանները, միայն թե` այս ամենը հասցնելով արվեստի մակարդակի։ Ասմունքողներն ու դերասանները հնչերանգի վարպետներ են: Իհարկե, նրանք պետք է ունենան դուրեկան, ախորժալուր ձայն, պետք է կարողանան արտասանել այնպես, որ ոչ մի հնչյուն չկորչի, պետք է «տեղ հասցնեն» ամեն մի բառ ու դարձվածք։ Եվ այդ ամենի հետ միասին ու ամենից առաջ պետք է տիրապետեն հնչերանգի բոլոր գաղտնիքներին:

Ասմունքի իսկական վարպետներն օժտված են բոլոր այս արժանիքներով:

Տարբերություն կա ասմունքի և բեմական խոսքի, այսինքն` բեմից հնչող դերասանական խոսքի միջև, երբ երկուսի դեպքում էլ գործում են նույն օրենքներն ու օրինաչափությունները: Կա, և դա հետևյալն