Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/125

Այս էջը հաստատված է

Աստղադիտարան

Աստղադիտարանում գիտնականները դիտում են երկնային մարմինները։ Հնում ամբողջ աստղադիտարանում մեկ դիտորդ աստղագետ էր լինում, իսկ նրա գործիքներն էին մեծ համբերությունը, երկու սրատես աչքերը և սեքստանտը։

Սեքստանտը աստղագիտական պարզագույն գործիք է։ Նրա փայտե կամ մետաղե աղեղի վրա արված են բաժանքներ՝ աստիճաններ և րոպեներ։ Սեքստանտն ունի երկու սլաք՝ մեկն անշարժ է, մյուսը կարելի է պտտել։ Սեքստանտի օգնությամբ որոշում են երկնային լուսատուի բարձրությունը հորիզոնից, ինչպես նաև աստղերի միջև եղած անկյունային հեռավորությունները։ Սեքստանտից էր օգտվում մեծ Կոպեռնիկոսը:

17-րդ դարի սկզբին ստեղծվեց դիտակը։ 1610 թ․ հունվարի 7-ին առաջինը դրանով երկինքը դիտեց իտալացի հռչակավոր գիտնական Գալիլեո Գալիլեյը։ Լուսնի վրա աղոտ բծերի փոխարեն նա տեսավ հարթավայրեր և լեռներ, հայտնագործեց Յուպիտերի չորս ամենախոշոր արբանյակները բծեր հայտնաբերեց Արեգակի վրա։ Իսկ երկնքի այն մասում, ուր մի փոքրիկ աստղ էր առկայծում, դիտակով երևաց տասը:

Այժմ խոշոր աստղադիտարաններում աշխատում են տասնյակ գիտական աշխատողներ։ Հզոր աստղադիտակները հնարավորություն են տալիս թափանցելու Տիեզերքի խորքերը։ Հատուկ սարքերն օգնում են ուսումնասիրելու երկնային լուսատուների լուսային ճառագայթումը՝ դրանց քիմիական բաղադրությունը որոշելու համար։ Ռադիոաստղադիտակները որսում են մոլորակների, աստղերի, միգամածությունների և հեռավոր գալակտիկաների ռադիոճառագայթումը:

Նախկինում աստղագետները վերջալույսից մինչև արշալույս նստում էին աստղադիտակի օկուլյարի առջև։ Այժմ աստղադիտակն ավտոմատ պտտվում է այնպես, որ նրա տեսադաշտում միշտ գտնվի երկնքի նույն տեղամասը, իսկ օկուլյարին հարմարեցվում է լուսանկարչական ապարատ։ Մի քանի ժամում լուսանկարչական թիթեռի կամ ժապավենի վրա դրոշմվում են այնպիսի մանրամասներ, որոնք երբեք չի կարող որսալ մեր շուտ հոգնող աչքը։ Ամբողջ անծայրածիր երկինքը, լավագույն աստղադիտակներին մատչելի սահմաններում, դրոշմված է լուսանկարչական թիթեղների վրա։ Դրանք պահվում են մեծ աստղադիտարաններում։

Շատ աստղադիտարաններ են կառուցված Սովետական Միության հարավում՝ Ղրիմի լեռներում, Վրաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում։ Այնտեղ օդն ավելի թափանցիկ է, հաճախ է երկինքն անամպ լինում։

Հայաստանում կառուցված աստղադիտարանի մասին դուք կարող եք կարդալ «Բյուրականի աստղադիտարան» զրույցում։ Սովետական Միության հնագույն աստղադիտարանը Լենինգրադի Պուլկովոյի աստղադիտարանն է:

Երկրի մթնոլորտը, ամպերը աստղագետներին միշտ խանգարել են դիտումներ կատարել։ Տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին նոր տվյալներ բերեցին ավտոմատ միջմոլորակային կայանների թռիչքները։ Աստղագետները հնարավորություն ստացան դիտումներ կատարելու Երկրի մթնոլորտի սահմաններից դուրս՝ Տիեզերքից։