Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/140

Այս էջը հաստատված է

զինված հարձակման առաջին զոհերից մեկը: 1945 թ. ապրիլին սովետական բանակն ազատագրեց Վիեննան և երկրի մեծ մասը: 1955 թ Ավստրիան Սովետական Միության, ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի հետ ստորագրեց պետական պայմանագիր, որով պարտավորվում էր չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի: Այդ նույն թվականին ավստրիական պառլամենտն օրենք ընդունեց մշտական չեզոքության մասին։ Ամեն տարի Վիեննայի աշխատավորները իրենց երախտագիտությունն արտահայտելով սովետական մարդկանց Ավստրիայի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդի համար` թարմ ծաղիկներ են դնում Շվարցենբերգի հրապարակում գտնվող սովետական բանակի մարտիկների հուշարձանին: Ավստրիան կապիտալիստական երկիր է: Ավստրիական աշխատավորները հարկադրված են համառորեն պաշտպանելու իրենց իրավունքները ավստրիական և օտարերկրյա կապիտալիստների դեմ մղվող մշտական, անդադար պայքարում:

Ավտոմատ

«Աուտոմատոս» բառը հին հունարեն նշանակում է «ինքնուրույն գործող»։ Բայց մի՞թե հին հույներն ունեին ավտոմատորեն, ինքնուրույն գործող սարքեր: Պարզվում է, որ ունեին։ Օրինակ, 2000 տարի առաջ մի տաճարում դրված էր «սուրբ» ջուր վաճառող ավտոմատ: Հավատացյալները չէին հասկանում, թե ինչպես է այն կառուցված և այդ «աուտոմատոսը» համարում էին մեծ հրաշք: Այժմ մեր մտքով էլ չի անցնի երկրպագել ջուր վաճառող ավտոմատը կամ զարթուցիչը, որը նույնպես ավտոմատորեն է աշխատում, ինքն է ցույց տալիս ժամը և ինքն էլ զնգում տրված ժամին: Մենք արդեն վարժվել ենք ինքնուրույն գործող սարքերին։ Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, մետաղադրամ են մանրում, կառավարում գնացքներն ու ինքնաթիռները, թռչում տիեզերք, ճանապարհորդում Լուսնի վրա։ Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կտոր են գործում, թողարկում պտուտակներ, կոճակներ, շաքարագնդիկներ, դեղահաբեր, կարկանդակներ, բաժակով պաղպաղակ, ատամնամածուկի պարկուճներ, լուսանկարչական ժապավենով կասետներ և էլի այնքան շատ բան: Հազար ու մի տարբեր գործեր ավտոմատներն ավելի արագ և ճշգրիտ են կատարում, քան մարդիկ: Ավտոմատը չի հոգնում և չի սխալվում: Նա կարող է աշխատել շիկացած վառարանում ու ցուրտ անապատում, գետնի ջրի տակ և Տիեզերքում: Ավտոմատ հաստոցները կարող են աշխատել միասին: Դրանք միացնում և ստանում են ավտոմատ գծեր: Առաջին հաստոցը որոշ չափով մշակում է նախապատրաստուկը և ինքն էլ այն փոխանցում հաջորդին: Սա աշխատանքի իր մասն է անում և ուղարկում երրորդին: Իսկ ամենավերջին հաստոցը տալիս է արդեն պատրաստի արտադրանքը` տրակտորի ատամնանիվներ կամ պահածոյի տուփեր, գնդառանցքակալներ կամ էլեկտրական լամպեր: Արդեն կան նաև ամբողջական ավտոմատ գործարաններ: Նրանք աշխատում են անխոնջ ու ճշգրիտ, հեքիաթային արագությամբ: Եվ այդպիսի գործարանի աշխատանքը կառավարում է ընդամենը մի քանի մարդ։ Ավտոմատներն իրենց «զգայարաններն» ունեն: Ավտոմատն ակնթարթորեն կանգնեցնում է հաստոցը, երբ «տեսնում է», որ մարդուն վտանգ է սպառնում։ Նա «զգում է» ջերմաստիճանի փոփոխությունը, մերթ միացնում, մերթ անջատում է արդուկը, սառնարանը,