Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/148

Այս էջը հաստատված է

եկող սիրո աստվածուհու դուստրն է, որը հայերի մեջ դարձել է պատմական անձնավորություն՝ Ասորեստանի թագուհի և Արայի սիրահար։

Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել տարբեր զրույցներ, նրա անունով են կոչվել Վան քաղաքը՝ Շամիրամակերտ, Վանի ջրանցքը՝ Շամիրամի առու։

Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը հայերի մեռնող և հարություն առնող աստծու առասպելն է՝ պատմական գույն ու երանգ ստացած։ Իսկ Արա Գեղեցիկը բուսական աշխարհի, հատկապես հացաբույսերի անընդհատ մահացման ու վերակենդանացման բնական երևույթի անձնավորումն է։

Մեր պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը վաղուց ի վեր դարձել է շատ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր։ Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ Էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը այդ թեմայով ստեղծել է մի հիանալի նկար, որի արտատպությունը դուք տեսնում եք։

Արագած

Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեվելյան մասում, Արարատյան և Շիրակի դաշտերի սահմանագծին, իր շրջակայքից առանձնանում և վեր է հառնում քառագագաթ Արագածը՝ Հայկական ՍԱՀ–ի ամենաբարձր լեռը։

Արագածի հյուսիսային կատարը 4090 մ է, արևմտյանը՝ 4080 մ, արևելյանը՝ 3916 մ և հարավայինը՝ 3879 մ։ Բրգաձև կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարանային կրկեսը։

Արագած անունը, ըստ ավանդության ծագել է «Արա» անունից և «գահ» բառից։

Մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերը սկսում են մարել Արագածի վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղի նման մի երկար լուսեղեն ցոլք է կախվում։ Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց է հյուսել նրա շուրջ և այդ «կանթեղը» համարել հայոց հույսի, հայ մարդու երազանքի խորհրդանիշ։ «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ Հովհաննես Թումանյանը գրում է.

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից։

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կամարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին։

Մինչև մեր օրերն են հասել Արագածի լանջերին պահպանված հին մշակույթի հետքեր, ոռոգման ջրանցքներ, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ։ Շատ են միջնադարյան