նշանավոր բերդերի, եկեղեցիների ավերակները (Ամբերդ, Բյուրական և այլն): Արագածը ասես միանգամից ալիքի նման վեր բարձրանալով Արարատյան ու Շիրակի դաշտերից, սառել մնացել է աչքը երկնքի անհունին հառած։ Հենց այդպիսին է Արագածը Ավետիք Իսահակյանի մանիներից մեկում:
Ալագյազը աստղերի մեջ,
Ադամանդե թագը գլխին,
Սարերեն վեր, ամպերեն վեր
Թիկն է տվել զմրուխտ-գահին:
Գագաթներին մշտական ձյուն է, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները իրենց նրբերանգներով: Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների, մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամռանը:
Արագածի լանջերից բխում են հազարավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ, սառցադաշտային կրկեսներում մեղմ ծփում են լեռնային սառնորակ լճակները` Քարի, Ամբերդի Լեսինգի։ Ակնա լիճը նույնպես Արագածի աղբյուրների ծնունդն է: Արագածի ծաղկազարդ փեշերը հարուստ են խոտհարքներով ու լեռնային փարթամ արոտավայրերով: Վաղ գարնանը իսկական ծաղկահանդես է բացվում լեռան փեշերին: Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջերին, 1800 — 2300 մ բարձրության վրա պահպանվել է անտառի մի չնչին մաս, որտեղ աճող հիմնական ծառը արևելյան կաղնին է: Արագածի լանջերին դուք կտեսնեք ճագարամուկ, նապաստակ, աղվես, գայլ, օձ, մողես: Արագածից արդյունահանում են տարբեր շինանյութեր` տուֆ, պեմզա, պեռլիտ: Արագածի հարավային լանջին է կառուցված Բյուրականի աստղադիտարանը: Նրա գագաթին մոտ 1943 թվականից գործում են ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը և օդերևութաբանական կայան: Մաքուր ու զովաշունչ օդը, գլգլան առվակները, բազմերանգ ծաղիկները ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում հովեկների:ն Լեռան լանջերին կառուցված են հանգստյան տներ, պիոներական ճամբարներ:
Արագիլ
Դուք, հավանաբար, շատ հեքիաթներ, երգեր ու բանաստեղծություններ եք լսել արագիլի մասին։ Այ, օրինակ, Հովհ. Թումանյանի «Արագիլ» բանաստեղծությունը.
Արագիլ, բարով եկար
Հայ արագիլ, բարով եկար
Բունըդ շինիր էն հին ծառին.
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
Այդ արագիլն է, որ դյուրահավատորեն անցուդարձ է անում հենց գյուղի մերձակա մարգագետնում և շիվերից ու ճյուղերից իր մեծ, լայն բույնը հյուսում գյուղական տան տանիքին։ Ոչ ոք ստույգ չգիտե, թե երբ է սպիտակ արագիլը` մեծ, աչքի զարնող այդ թռչունը, բարեկամացել մարդկանց հետ: Բայց մարդիկ շատ թանկ են գնահատում այդ բարեկամությունը, սպասում թե երբ են արագիլները հաստատվելու տան տանիքին, նախանձախնդրությամբ պահպանում են նրանց հանգիստը և նույնիսկ կարծում են, թե արագիլները երջանկություն են բերում տանտերերին: Եթե արագիլները բույն հյուսեն ձեր տան տանիքին, ապա ամեն գարուն նորից ու նորից կվերադառնան այնտեղ, նորից բնում աշխարհ կգան երկարաոտ ձագուկները` երեք կամ հինգ։ Մերթ ընդ մերթ նրանք հավատով աչք կհածեն մարդկանց, կսպասեն որսի ելած իրենց ծնողներին և տաք քամուց թեթևակի կխոնարհեն գլխիկները` ասես շնորհակալություն հայտնելով թե՛ քամուն, թե՛ բարի մարդկանց։ Իսկ ծնողները հերթով կեր կբերեն նրանց` գորտեր, մկներ մողեսներ, զանազան միջատներ: Մինչև աշուն արագիլի ձագուկները կմեծանան, կդառնան ուժեղ թռչուններ ու կչվեն հարավ: Եվ գարնանը մարդիկ կսպասեն իրենց հավատարիմ բարեկամների վերադարձին: Արագիլները ձայներ չեն արձակում: Նրանք միմյանց հետ «խոսում» են կտուցների կափկափյունով: