Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/153

Այս էջը հաստատված է

են նույնիսկ այսօր և կոչվում են «Չոր Արաքս»։ Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, Կարմիր գետը, ձախից` Ախուրյանը, Սև ջուրը, Հրազդանը, Ազատը (Դառնի), Վերին Արփան, ապա` Նախճավանը, Երնջակը, Ողջին (Կապան), Որոտան,ը Աղավնո գետը (ձագար). մտնում է Մուղանի ու Միլիի դաշտերը և միանում Կուր գետին: Արաքսը հնում Կուրին չի միացել, այլ զուգահեռ հոսելով` թափվել է Կասպից ծովը: Ըստ ավանդության, Երասխի (Արաքսի) անունը կապվում է հայերի անվանադիր նախնիի ժառանգներից մեկի` Արամայիսի թոռան հետ: «Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան` էրաստի անունով դնում է Երասխ (Մովսես Խորենացի): Մայր Արաքսի ափերին զարգացել է հայ հին մշակույթը: 10-րդ դարի մի աշխարհագրի վկայությամբ Արաքսի ափերին այդ ժամանակ շեն էին ու կյանքով լեցուն հազարից ավելի գյուղեր ու քաղաքներ:

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ:

Այսպես է գրում Ռ. Պատկանյանը իր «Արաքսի արտասուքը» հանրածանոթ բանաստեղծության մեջ, որի համար հետո երաժշտություն է գրվել և այն դարձել է հայկական ամենասիրված երգերից մեկը: Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել, որոնցից հիշատակվում են հինգը. Տափերական, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի և Ջուղայի: Ջուղայի հիասքանչ կամուրջը, որը ըստ ավանդության կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, ավերվել է 1605 թ պարսից Շահ Աբբասի հրամանով: Արաքսի ջրերը ոռոգման ու էներգետիկ նպատակներով օգտագործել են շատ վաղուց և էլ ավելի` սովետական իշխանության տարիներին: Կառուցվել և կառուցվում են բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ: Արաքսի երկարությունը 1072 կմ է: Արաքսը հորդանում է մարտ-հունիս ամիսներին, ամենից շատ` մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոս ամիսներին ու ձմռանը: Արաքսը հարուստ կենդանական աշխարհ ունի: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքներում նույնիսկ թառափն ու այլ ձկնատեսակներ: Արաքսի անունով Սովետական Հայաստանում և սփյուռքի հայաշատ վայրերում կան բնակավայրեր, մշակութային և մարզական կազմակերպություններ: 19-րդ դարից Հայաստանի մայր գետի անունը հայերը գործածում են որպես իգական անձնանուն (Արաքսի Արաքսյա):

Արբանյակ

Արեգակնային համակարգի մեծ մոլորակներից շատերի շուրջը պտտվում են ավելի փոքր մոլորակներ, որոնց անվանում են արբանյակներ։ Օրինակ, Լուսինը երկրի արբանյակն է: Այդպիսի բնական արբանյակներից բացի կան մոլորակների, մասնավորապես, Երկրի շուրջը պտտվող մարմիններ` արհեստական արբանյակներ, որ ստեղծել է մարդը։ 1957 թ հոկտեմբերի 4-ին աշխարհով մեկ տարածվեց հաղորդումն այն մասին, որ Սովետական Միությունում ուղեծիր է դուրս բերվել Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Իսկ հետո բազմաթիվ գիշերներ կարելի էր դիտել, թե ինչպես աստղալից երկնքում արագորեն տեղաշարժվում են երկու փոքրիկ աստղեր։ Ավելի պայծառը հրթիռն էր, որն արբանյակը դուրս էր բերել մերձերկյա ուղեծիր: Մյուս աչքով հազիվ նշմարելի աստղիկը մեր մոլորակի արհեստական արբանյակն էր, որ մարդիկ ուղարկել էին տիեզերական անհայտ տարածություններ: Տիեզերքի առաջին հետախույզը ոչ մեծ փայլուն մի գունդ էր` արտաքին չորս անտենաներով, ներսից՝ ռադիոհաղորդիչներով: Շարժման արագությունը, որ վայրկյանում 7 97 կմ էր, նրան հնարավորություն էր տալիս մեր մոլորակի շուրջը մեկ լրիվ պտույտ գործել մեկ ու կես ժամում: Այդ օրից շատ տարիներ են անցել, և Երկրի շուրջն արդեն պտտվում է արհեստական արբանյակների հսկա մի ընտանիք։ Ժամանակակից հրթիռներն ուղեծիր են դուրս բերում միանգամից մի քանի արբանյակ, որոնք Տիեզերք են տանում գիտական բազմապիսի ու բարդ սարքեր: