Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/167

Այս էջը հաստատված է

տալիս է ադամաթուզ, հացածառի և սեխածառի պտուղներ, քինին, մանգո, ճանդան (սանդալ), կարմիր և սև ծառերի փայտ, կաուչուկ, լաքեր, կոկոսյան ընկույզ, սագո, շաքար:

Արևադարձային անտառների ամենամեծաքանակ բնակիչները միջատներն են և ամենից առաջ՝ գույնզգույն, խոշոր, մինչև 20 սմ մեծության թիթեռները: Վառ գույն և մեծ չափեր ունեն նաև սարդերը:

Ամենաբազմապիսի չափի և գույնի թութակներն իրենց կոկորդային ճիչերով լցնում են անտառը: Արևադարձային գոտիներում ապրում են նաև ամենափոքրիկ թռչունները՝ կոլիբրիները: Նրանց որոշ տեսակներ բոռից մեծ չեն։ Իսկ որքան կապիկներ կան այստեղ հսկա գորիլլաներից մինչև փոքրիկ ուիստիտիները, որոնց հասակն ընդամենը 15 սմ է:

Արևադարձային անտառներում անչափ շատ են նաև սողուններն ու երկկենցաղները, օձերը, մողեսները, գորտերը:


Արևածաղիկ

Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Չորս հարյուր տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Ռուսաստանում արևածաղիկը հայտնվեց երեք հարյուր տարի առաջ: Սկզբում այն բազմացնում էին պարտեզները զարդարելու նպատակով: Այն ժամանակվա արևածաղիկն ուներ բազմաթիվ փոքրիկ զամբյուղներ (ծաղկաբույլեր):

Սակայն շուտով տեսան, որ արևածաղկի պտուղները՝ սերմնապտուղները, կարելի է օգտագործել որպես համեղ ուտելիք, և սկսեցին այն աճեցնել բանջարանոցներում։ 1830 թ. Վորոնեժի նահանգի Ալեքսեևկա գյուղի ճորտ գյուղացի Բոկարյովը պարզեց, որ կարելի է նրա սերմնապտուղները ճզմելով ձեթ քամել: Այժմ մեզ մոտ ամենատարածված ձիթատու բույսը արևածաղիկն է: Մեր երկիրը դարձել է մեքսիկական «արևի ծաղկի» երկրորդ հայրենիքը:

Արևածաղիկը մշակում են տափաստանային սևահողերում Մոլդավիայից մինչև Ալթայ։ Այն, իհարկե, շատ քիչ է նման իր վայրի նախնուն: Մշակովի արևածաղկի զամբյուղը մեծ է: Նրա մեջ լինում է մինչև 7 հզ. սերմնապտուղ: Մշակվող արևածաղկի ցողունը հասնում է մինչև 4 մ բարձրության և ունենում ձեռքի հաստություն:

Առօրյա գործածության մեջ նրա սերմնապտուղներն այդպես էլ մնացին որպես համեղ ուտելիք: Բայց գլխավորը, որ տալիս է մեզ արևածաղիկը, լավ ձեթն է: Երբ սերմնապտղից ճզմում, զատում են յուղը, մնում է քուսպը, որով կերակրում են կովերին, ոչխարներին, ձիերին, իսկ արևածաղկի կտրատած և շոգեխաշած ցողուններով՝ խոզերին: Զամբյուղները չորացնում ու աղում են, և նույնպես լավ կեր է ստացվում։ Արևածաղկի մի քանի սորտեր մշակում են սիլոսի համար: Այդ դեպքում բերքահավաքն սկսում են, երբ սերմնապտուղները հասունացած չեն լինում:


Արիստոտել

(Մեր թվականությունից առաջ 384-322

Մեր թվականությունից առաջ 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել էր մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև զրույցներն աշակերտների հետ Պլատոնը վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր։ Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այն ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Այդ աշակերտը Արիստոտելն էր:

Այդ ժամանակ մարդիկ դեռ քիչ բան գիտեին շրջապատող աշխարհի մասին: Արիստոտելն ուզում էր հնարավորին չափ շատ բան իմանալ, ցանկանում էր աշխարհի, բնության մասին մի գիտության մեջ ժողովել այն ամենը, ինչ հայտնի էր գիտնականներին: Այդ նպատակով նա խորամուխ եղավ պատմության ու աշխարհագրության, կենսաբանության ու ֆիզիկայի, մանկավարժության ու բժշկության մեջ:

Արիստոտելը շատ հայտնագործություններ է կատարել, սկիզբը դրել բազմաթիվ նոր գիտությունների (օրինակ, եղանակի մասին գիտության՝ օդերևութաբանության)։ Նա Երկրի ու Լուսնի գնդաձևության առաջին հայտնագործողներից է: Նա է բացատրել քամու և ծովային հոսանքների առաջացումը, նշել մարդու և