օվկիանոսային խոշոր ձկների համար:
Սովորաբար երեխաներն իրենց առաջին ակվարիումը պատրաստում են այսպես. լճակից բռնում են փոքրիկ ծածաններ, վերցնում ապակե բանկա, մեջը լցնում ավազ, բույսեր տնկում, խխունջներ գցում, և աքվարիումն արդեն պատրաստ է։ Բայց այ քեզ փորձանք. այդպիսի ակվարիումը թողնում են արևի տակ, ջուրը տաքանում է, և ծածանները սատկում են։ Կամ էլ այնքան շատ հացի փշրանք են տալիս նրանց, որ ջուրը պղտորվում է ու հոտում:
Դրա համար էլ, երբ սկսեք ձկներ պահել, միշտ հիշեցեք, որ ակվարիումը նրանց «տունն» է: Այնտեղ ձկներն իրենց պետք է նույնքան լավ զգան, որքան լճակում, գետակում և լճում: Ահա թե ինչու նախքան ակվարիում պատրաստելը շատ ուշադիր գրքեր կարդացեք ձկների և ակվարիումների մասին կամ էլ խորհուրդ հարցրեք մեծերից։
Պետք է ճշտորեն իմանալ, թե որ ձկանը ինչով կերակրել, ինչպիսի խխունջներ կարելի է կամ չի կարելի գցել ակվարիումի մեջ։ Օրինակ, լճախխունջը կարող է փչացնել բույսերը։
Սկզբնական շրջանում սկսեք պահել սովորական փոքրիկ ծածաններ կամ նրանց մոտիկ ազգակիցներ՝ ոսկե ձկնիկներ և սրանց տարատեսակներ՝ շղարշապոչեր, աստղադիտակներ ու գիսավորներ։ Այս ձկնիկներն իրենց լավ են զգում մինչև 20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Նրանցով բնակեցված աքվարիումը չի կարելի դնել տաքացուցիչների, ջեռուցման մարտկոցների և վառարանների մոտ: Իսկ տարվա ցուրտ եղանակներին այն պետք է լուսամուտից հեռու պահել։ Երբ ջրի ջերմաստիճանն իջնում է 14 աստիճանից, ձկնիկներն սկսում են հիվանդանալ և կարող են սատկել:
Աքվարիումին լավ հարմարվում են նաև այնպիսի էկզոտիկ ձկներ, ինչպես թրակիրները, գուպիները, բավիղաձկները: Սրանք ջերմասեր են, ուստի անհրաժեշտ է, որ ջրի ջերմաստիճանը լինի 25 աստիճանին մոտ: Այդ ձկներով բնակեցված աքվարիումը տաքացնում են անդրադարձիչ ունեցող էլեկտրական լամպով, որը դրսից կախում են աքվարիումի պատին:
Նախքան ձկներն աքվարիումի մեջ գցելը, այն պետք է լավ նախապատրաստել։ Աքվարիումը լիքը լցրեք ջրով և այդպես թողեք մեկ-երկու օր, որպեսզի վերանա ներկի և լաքի հոտը, հետո դատարկեցեք ջուրը և հատակին 56 սմ հաստությամբ փռեք լավ լվացած խոնավ ավազ:
Այժմ աքվարիումում տնկեցեք բույսեր: Կարելի է տնկել տեղական, ՍՍՀՄ-ի միջին գոտու համար սովորական բույսեր՝ եղջերատերև, փետրատերև և ջրաժանտախտ (էլոդեա), ինչպես նաև կենդանաբանական խանութից գնած վալիսներիա, ջրասպար, նետատերև։ Հետո պետք է զգուշորեն աքվարիումի 3/4 մասի մեջ ջուր լցնել, ավելի լավ է ձագարով, որպեսզի բույսերը չվնասվեն և չբարձրանա հատակին լցված ավազը: Այժմ կարելի է նրա մեջ գցել լողացող բույսեր՝ ջրոսպ կամ ռիչիա:
Եվ այսպես բույսերը տնկված են, ջուրը լցված, սակայն ձկներն աքվարիումի մեջ գցելը դեռ վաղ է: Անհրաժեշտ է, որ բույսերն ամրանան և ջուրը պարզվի: Մի քանի օրից հետո միայն երբ ջուրը դառնա թափանցիկ, կարելի է աքվարիումը բնակեցնել ձկներով։
Փոքրիկ ծածանին, ոսկե ձկնիկին և նրա տարատեսակներին կերակրում են օրվա մեջ մեկ անգամ, ավելի լավ է կենդանի կերով՝ թրթուրներով, որդերով: Կարելի է տալ նաև մանր կտրատած մսի և լյարդի կտորներ, հացի փշրանք։ Էկզոտիկ ձկնիկներին կերակրում են թրթուրներով, ջրալվերով և կիկլոպներով օրընդմեջ։ Չոր կեր՝ չորացրած ջրալվեր և կիկլոպներ, տալիս են միայն այն դեպքում, երբ կենդանի կեր չի լինում: Չի կարելի չափից ավելի կերակրել ձկներին: Չոր կերի ավելցուկը նստում է հատակին, դրանից հոտում և փչանում է ջուրը։ Իսկ եթե այնուամենայնիվ ջուրը փչանա, պղտորվի, և հատակին բավականաչափ տիղմ կուտակվի: Այդ դեպքում աքվարիումի ջրի մի մասը լցրեք մեծ բանկայի մեջ և այնտեղ տեղափոխեցեք ձկներին: Բանկայի մեջ նոր ջուր լցնելը վտանգավոր է. մեկ էլ տեսար անուշադիր եղար և ստացվեց, որ բանկայի ջրի ջերմաստիճանը ավելի ցածր է, քան աքվարիումինը, իսկ ձկները ամենևին չեն սիրում ջերմաստիճանի խիստ տատանումները: Ձկներին տեղափոխելուց հետո դատարկեցեք հին ջուրը և մաքրեցեք հատակին նստած տիղմը: Ապա աքվարիումը լիքը լցրեք թարմ ջրով, որի ջերմաստիճանը պետք է հավասար լինի աքվարիումի նախկին ջրի ջերմաստիճանին: Այժմ կարելի է ձկները վերադարձնել աքվարիում: Միշտ հիշեցեք, որ ձեր տանը ձկներն իրենց պետք է շատ լավ զգան: Միայն այդ