Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/202

Այս էջը հաստատված է

Մեր երկրում բազմացնում են ընտանի բադերի բազմաթիվ ցեղեր։ Առանձնապես հայտնի են երկու սպիտակ (մոսկովյան և պեկինյան), մոխրագույն (ուկրաինական) և սև սպիտակակուրծք (խարկովյան) ցեղերը։

Բադերը ջրային թռչուններ են, և տարվա տաք եղանակներին իրենք են կեր հայթայթում լճակներում, լճերում և բրնձի դաշտերում։ Կերակրվում են ծանծաղ ջրերում, հազվադեպ են սուզվում, ավելի շատ ձգտում են լայն կտուցով հասնել հատակին ջրից դուրս թողնելով պոչը։ Երբ ջրամբարները սառչում են, բադերին կերակրում են տանը ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով։ Բադեր բազմացնելն օգտավետ է։ Նրանք արագ են աճում, և 70 օրվա ընթացքում նրանց քաշը հասնում է մինչև 3-4 կգ-ի։

Բադեր շատ են բազմացնում կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների թռչնաբուծական խոշոր ֆերմաներում։

Ընտանի բադերը սերում են վայրի բադից՝ կռնչաբադից։ Վերջինս, ինչպես նաև մյուս բադերը (մոխրագույն, փասիանաբադ, լայնակտուց, հողմաբադ և մրտիմ), տարածված է մեր երկրի բոլոր ջրավազաններում։ Կռնչաբադը բնադրում է գրեթե ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Վաղ գարնանը էգն ածում է 8-11 ձու։ Հազիվ չորացած աղվամազոտ բադիկներն արդեն կարող են արագ տեղաշարժվել ցամաքում, լողալ և սուզվել։ Կռնչաբադերը սնվում են, հիմնականում, ջրային բույսերով, միջատներով, փափկամորթներով։


Բադակտուց և եքիդնա

Գիտնականները երկար ժամանակ չէին կամենում հավատալ բադակտուցի գոյությանը։ Նրա մասին պատմությունները համարում էին հնարովի բաներ, լեգենդներ։ Բայց երբ, ի վերջո, համոզվեցին, որ այդ արտասովոր կենդանին իրոք գոյություն ունի, ծագեց այն հարցը, թե ինչ է դա թռչո՞ւն, գազա՞ն։ Սկզբում այդ կենդանուն անվանեցին թռչնագազան, իսկ հետո նաև բադակտուց։