Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/212

Այս էջը հաստատված է

Բանգլադեշ

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

Ասիայում, Հնդստան թերակղզով, հոսում է Գանգես գետը և գնում թափվում է Հնդկական օվկիանոսը։ Գանգեսը և լեռներից հոսող նրա վտակներն իրենց հետ բերում են շատ տիղմ ու ավազ։ Բազում հազարամյակների ընթացքում ծովի ծանծաղուտը լցվել է այդ գետաբերուկներով։ Գոյացած տափարակ հարթավայրում, ուր բոլոր ուղղություններով գալարվում են բազմաթիվ գետեր, գտնվում է Բանգլադեշ պետությունը։ Բանգլադեշ նշանակում է «բենգալացիների երկիր»։ Այդ երիտասարդ պետությունը կազմավորվել է 1971 թ.։

«Բենգալացիների երկրում» կլոր տարին տաք է։ Երբ մեզ մոտ ամառ է, այնտեղ օվկիանոսից քամիներ են փչում, և օրեր շարունակ անդադար, հորդ անձրև է տեղում։ Այդ ժամանակ մեծ ու փոքր անհաշիվ գետերը վարարում են, և նրանց արգավանդ բերուկները պարարտացնում են դաշտերը։

«Բենգալացիների երկիրը» համեմատաբար փոքր տարածք ունի, բայց բնակչությունն ավելի շատ է, քան մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում։ Դրա համար էլ երկիրը խիտ է բնակեցված։ Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում։ Տները կառուցում են անպայման բարձրադիր տեղում հնդկեղեգից