Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/218

Այս էջը հաստատված է

բուժման, երրորդը` բույսերի կամ մեքենաների մասին։ Բառարաններ էլ կան, որ ձեզ կբացատրեն անծանոթ բառի իմաստն ու ծագումը: Բառարաններում բառերը դասավորված են ըստ այբուբենի, իսկ տեղեկատուներում` ըստ թեմաների: Այն բառարանները, որոնցում բացտրվում է բառերի իմաստը, կոչվում են բացատրական: Ռուս նշանավոր գիտնական, գրող ու բժիշկ Վ. Ի. Դալը հավաքել է 200 հազար ռուսերեն բառ և բացատրել յուրաքանչյուրի իմաստը: Կան նաև երկլեզվյան, եռալեզվյան և բազմալեզվյան բառարաններ, որոնցում մեկ լեզվի բառը թարգմանվում է մեկ կամ մի քանի այլ լեզուներով։ Այս բառարաններն անհրաժեշտ են նրանց, ովքեր ուզում են այլ լեզուներ սովորել կամ կարդալ ուրիշ լեզուներով գրված գրքեր։ Մեզանից 800 տարի առաջ գրվել է Արիստակես Գրչի ուղղագրական բառարանը: 1926-1935 թվականներին հրատարակվեց ակադեմիկոս Հր. Աճառյանի «հայերեն արմատական բառարան»-ը յոթ հատորով, որտեղ մեծ գիտնականը ստուգաբանում է հայերեն բոլոր բառերի ծագումը: Շատ գործածական են Ստ. Մալխասյանցի քառահատոր «Հայերեն բացատրական բառարան»-ը, Էդ. Աղայանի երկհատոր «Արդի հայերենի բացատրական բառարան»–ը, Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ը,: ՀՍՍՀ ԳԱ հրատարակած քառահատոր «Ռուս հայերեն բառարան»-ը և «ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ը, Հ. Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան»-ը: Ա. Ղարիբյանի և Գ. Շեկյանի «Դպրոցական ուղղագրական բառարան»–ը, «Ամենաիմաստունները» հանրագիտական բառարաններն են, ուր հավաքված են լինում մեր կյանքի բոլոր բնագավառներին, կարևոր իրադարձություններին, բնությանը, պատմությանը, տեխնիկային, գիտությանը, գրականությանը, արվեստին վերաբերող բառեր։ Հանրագիտական բառարաններից ավելի «խելոք» են միայն համընդհանուր բազմահատոր հանրագիտարանները, որոնցում կարելի է մանրամասն իմանալ գրեթե ամեն ինչի մասին։ Այդպիսին են «Սովետական մեծ հանրագիտարան»–ը («Большая Советская Энциклопедия»), «Հայկական սովետական հանրագիտարան»–ը և այլն: Բառարաններում և տեղեկատուներում կուտակված են լինում բազմաթիվ սերունդների ավանդն ու գիտելիքները: Այդ գրքերը սովորեցնում են մեզ, խնայում մեր ժամանակն ու ուժերը, օգնում խույս տալու սխալներից այս կամ այն աշխատանքում:

Բասկետբոլ

«Բասկետ» անգլերեն բառը նշանակում է «զամբյուղ»։ Անցյալ դարի վերջին, երբ հորինեցին այդ խաղը, ներկայիս օղակով ցանցերի փոխարեն պատին ամրացնում էին առանց հատակի իսկական զամբյուղներ։ Իսկ «բոլ», որը նույնպես անգլերեն է, նշանակում է «գնդակ»: Բասկետբոլի գնդակը վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակներից ավելի մեծ է ու ավելի ծանր։ Բայց եթե դուք բասկետբոլի գնդակ չունեք, կարող եք բակում բասկետբոլ խաղալ ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակով: Շատ Երեխաներ կարծում են, թե այդ խաղի համար անպայման հարկավոր է բարձրահասակ լինել: Բասկետբոլիստին անշուշտ բարձր հասակն անհրաժեշտ ,է բարձրահասակ խաղացողն ավելի հեշտությամբ է գնդակը զամբյուղի մեջ նետում: Սակայն լավ բասկետբոլիստներ կարող են դառնալ նաև միջահասակ և ցածրահասակ երեխաները, որովհետև խաղում ամեն ինչ կախված է շարժունությունից, դիմացկունությունից և արագ կողմնորոշվելու ունակությունից: Խաղի նպատակն է գնդակը ձեռքով հակառակորդի զամբյուղը նետելը, որն ամրացվում է վահանին։ Խաղում են 26X14 մ չափերի հարթ ուղղանկյուն հրապարակում, երկու թիմ, յուրաքանչյուրում` հինգ հոգի։ Բացի այդ ամեն մի թիմ ունենում է նաև հինգ պահեստային խաղացող։ Թիմի կազմում լինում են կենտրոնական խաղացողներ, հարձակվողներ և պաշտպաններ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, թիմը վաստակում է երկու միավոր, տուգանային նետումից` մեկ միավոր: Խաղն անց է կացվում երկու փուլով: Չափահասների համար փուլը տևում է 20 րոպե, 13-14 տարեկան դեռահասների համար` 12 րոպե: Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի: Չի թույլատրվում նաև ձեռքերով պահել կամ հրել հակառակորդին: Փոքր երեխաների համար կա այսպես կոչված մինի բասկետբոլ: Այս խաղի