Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/22

Այս էջը հաստատված է

Ազգանուն

«Ազգանուն» ասելով մենք նկատի ունենք այն հատուկ անունը, որ տրվում է ոչ թե անձնապես այսինչ մարդուն, այլ նրա ամբողջ տոհմին: Այդ տոհմում ազգանունը փոխանցվում է սերնդեսերունդ, ծնողներից երեխաներին:

Տոհմական այդ անունները, այսինքն ազգանունները, սկզբնապես չկային։ Ինչո՞ւ։ Հնում մեծ քաղաքներ չկային։ Մարդիկ ապրում էին փոքրիկ բնակավայրերում և բոլորը միմյանց ճանաչում էին։ Ա՜յ այստեղ ապրում է Առաքելը, այնտեղ` Մարտիրոսը, իսկ սա այրի Զառնիշանի տունն է: Բավական է հիշես մարդու անունը և նրան այլևս չես շփոթի ուրիշ մեկի հետ։ Հազիվ թե մի փոքրիկ գյուղում կողք կողքի ապրեին հինգ Առաքել կամ չորս Զառնիշան: Բայց դա էլ սարսափելի բան չէր լինի. սա Ղազարոսի որդի Առաքելն է, իսկ սա` Թովմասի: Ծայրահեղ դեպքում միշտ էլ կարելի էր որևէ բնորոշ հատկանիշ գտնել աչքը կույր Առաքելը կամ ձորատակի Զառնիշանը, որ ձորի մոտ է ապրում։ Հնում այդպես էլ առաջացել է մարդուն անունից բացի մականուն տալու սովորությունը:

Գնալով մարդիկ շատացան։ Առաջացան մեծ քաղաքներ: Մարդիկ էլ սկսեցին ավելի հաճախ տեղից տեղ գնալ: Միայն անունով կամ մականունով բավարարվելն արդեն հնարավոր չէր։ Հենց այդ ժամանակ էլ ասպարեզ եկան ազգանունները: Սկզբում ազգանուն կրում էին միայն ազնվական, հարուստ տոհմերի ներկայացուցիչները` Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։ Հետո ազգանունը դադարեց ազնվատոհմիկության հատկանիշ լինել:

Պարզվեց, որ շատ հարմար է, երբ ամեն մեկն իր ազգանունն ունի:

Բայց որտեղի՞ց գտնես այդքան շատ տարբեր ազգանուններ:

Շատ հաճախ դրանք ծագում էին հոր անունից։ Կար մի Պյոտր, նա Իվանի որդին էր: Այդպես էլ նրան կոչում էին Պյոտր Իվանով նրա եղբայրներին՝ Դոբրինյային և Պուտյատային` նույնպես Իվանովներ: Սրանց զավակներն արդեն Պետրովներ, Դոբրինիններ, Պուտյատիններ էին: Բայց պատահում էր և այնպես, որ հայր Իվանն ավելի հայտնի էր լինում, քան ասենք, նրա որդի Պյոտրը, և դրա համար էլ Պյոտրի որդիները նույնպես կոչվում էին Իվանովներ. հայրանունը վերածվում էր ազգանվան: Շատ հաճախ ազգանուն էր դառնում նաև մոր անունը, օրինակ, Եվդոկիմ Մարին (Մարիայի Եվդոկիմը): Ահա թե ինչու ռուսական այնքան շատ ազգանուններ ունեն «ով» կամ «ին» վերջավորությունները:

Իմացանք ուրեմն, որ ազգանունները հիմնականում առաջացել են որևէ նախնու անունից, որը տոհմում մեծ հեղինակություն է վայելել: Այդ նախնու անվանը ավելացվել է պատկանելություն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց, օրինակ սլավոնների մոտ «իչ», «սկի», «ով» հայերի՝ «յան», «յանց», «ենց», «ունի», հույների «իդես», պարսիկների՝ «զադե», վրացիների` «ձե», «շվիլի» և այլն:

Ազգանունները երբեմն կազմվել են նաև գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան):