Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/226

Այս էջը հաստատված է

հանձնաժողով ուղարկվեց Բաքու նավթի արդյունահանումն ու արտահանումը կանոնավորելու, որովհետև այն կենսական նշանակություն ուներ Սովետական Ռուսաստանի համար։

1918 թ .հուլիսի 31-ին սովետական իշխանությունը Բաքվում ժամանակավորապես ընկավ: Օգոստոսին գրավելով քաղաքը՝ անգլիական իմպերիալիստներն իրենց գործակալների հետ միասին դաժան հաշվեհարդար տեսան Բաքվի հերոսական կոմունայի և նրա պանծալի ղեկավարների հետ։

Բաքվի այս իրադարձությունները խիստ անհանգստացրին Վ. Ի. Լենինին, նա շարունակ հետաքրքրվում էր Բաքվի կոմիսարների վիճակով: Օգոստոսի 9-ին Վ. Ի. Լենինը Աստրախանի սովետի նախագահին հեռագրում է. «Դրությունը Բաքվում ինձ համար այնուամենայնիվ պարզ չէ:։

Ո՞վ է կանգնած իշխանության գլուխ:

Որտե՞ղ է Շահումյանը։ Դուք գիտեք, որ ես լիովին վստահում եմ Շահումյանին: Այստեղից չի կարելի հասկանալ դրությունը և արագ օգնելու հնարավորություն չկա»:

Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը մեծ կորուստ էր Անդրկովկասի պրոլետարիատի համար: Սակայն Բաքվի աշխատավորությունը երբեք վայր չդրեց իր զենքը։ Սրբությամբ պահելով անմահ հեղափոխականների հիշատակը՝ նա բոլշևիկների կուսակցության ղեկավարությամբ շարունակեց հերոսական պայքարը հանուն սովետական իշխանության: 1920 թ. ապրիլի 28-ին ռուս մեծ ժողովրդի օգնությամբ Ադրբեջանում հաստատվեցին սովետական կարգեր: Բոլշևիկների կուսակցության ղեկավարությամբ սովետական իշխանությունը հաղթանակեց նաև Հայաստանում ու Վրաստանում։

Գործը, որի համար իրենց կյանքը զոհաբերեցին Բաքվի 26 կոմիսարները, հաղթանակեց: Նրանց հիշատակը հավերժ է: «Բաքվի 26 կոմիսարներ» անունն են կրում քաղաքային շրջաններ Բաքվում, Երևանում, հրապարակներ, փողոցներ Մոսկվայում, Երևանում, Բաքվում, Թբիլիսիում և այլուր, դպրոցներ Անդրկովկասի և Սովետական Միության շատ քաղաքներում։

Բաքվի 26 կոմիսարների հերոսական կյանքն ու գործունեությունը ոգեշնչման աղբյուր են գրողների ու արվեստագետների համար։


Բեթհովեն Լյուդվիգ վան

1770-1827

Վիեննայի բնակիչները լավ են ճանաչում հողմահարված դեմքով, գիսախռիվ, ամրակազմ ու տարեց այդ մարդուն: Ամեն օր ցանկացած եղանակին, նա դուրս է գալիս տնից։ Երաժշտություն գրելու չափ նրան անհրաժեշտ է զգալ ազատ տարածությունը, տեսնել երկինքը: Արագ քայլերով նա անցնում է բերդապատնեշի երկայնքով: Նայում է ցածրից սահող ամպերին, տեսնում թե ինչպես են ծառերը թեքվում քամուց, անհանգիստ թևածում թռչունները։ Բայց թռչունների ծլվլոցն ու քամու աղմուկը նա չի լսում: Բեթհովենը խուլ է։

Դա սկսվեց դեռ այն ժամանակ, երբ նա նոր էր փառքի հասել։ Նա հայտնի դաշնակահար է և կոմպոզիտոր: Նրա «Պաթետիկ» և «Լուսնի» սոնատների երաժշտության մեջ խոր զգացմունքներ կան, բուռն պոռթկումներ: Բեթհովենը ոգեշնչված է ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, մարդկանց ազատության, հավասարության, եղբայրության կոչով: Նա առլեցուն է կյանքով, մեծ մտահղացումներով: Եվ հենց այդ ժամանակ կատարվում է երաժշտի համար ամենասարսափելին: Բեթհովենը խլանում է։

Ճակատագիրը կընկճի նրան արդյոք: Ի՞նչը կհաղթի նրա մեջ՝ հուսահատությո՞ւնը, թե՞ ապրելու ու ստեղծագործելու կամքը։

Հաղթում է արվեստագետի կամքը։ Հաղթում է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան»: