Այսօր Բելոռուսիայում մշակվում են կալիումական աղերի քիմիական արդյունաբերության արժեքավոր հումքի հարուստ հանքաշերտերը։
Հանրապետության տարբեր շրջաններում սովետական երկրաբանները հայտնաբերել են նավթի և բնական գազի, քարածխի և գորշ ածխի, ինչպես նաև այրվող թերթաքարերի հանքավայրեր։
Շինանյութ, կահույք, թուղթ, լուցկի, արհեստական մանրաթել, դեղամիջոցներ... հնարավո՞ր է արդյոք թվարկել այն ամենը, ինչ հանրապետությունում պատրաստվում է բելոռուսական փայտից:
Ճահիճներից տորֆ են արդյունահանում: Այն այրում են էլեկտրակայանների հնոցներում, օգտագործում դաշտերը պարարտացնելու համար։ Ճահիճներն այժմ չորացնում և հերկում են ցանքսերի համար:
Պարարտացված հողը հարուստ բերք է տալիս։ Բելոռուսիայում արտադրում են շատ միս, կաթ, յուղ, կարտոֆիլ, վուշ, կանեփ, հաց, բանջարեղեն, մրգեր:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիստների օկուպացրած բելոռուսական հողում ավելի քան երեք տարի հերոսական պարտիզանական պատերազմ էր մղվում զավթիչների դեմ: Պարտիզանները ոչնչացրեցին մոտ կես միլիոն հիտլերականների և հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա:
Գերմանաֆաշիստական զորքերից Բելոռուսիայի ազատագրմանը սովետական մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները։ Գործող բանակներում և պարտիզանական ջոկատներում մարտնչած հազարավոր հայ ռազմիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Անասելի ծանր պայմաններում մարտնչեցին Բրեստի ամրոցի հայ պաշտպանները, որոնք թվով 100 հոգի էին: Նրանցից շատերը զոհվեցին անհավասար մարտերում։ Հերոսական ուղի անցավ հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը, որը կազմավորվեց Բելոռուսիայի անտառներում։ Բելոռուսական ընդհատակի հերոսներից փառքով պսակվեց Հենրիկ Զաքարյանի անունը, որը ֆաշիստական գերության մեջ ստեղծեց «Անհնազանդներ» կազմակերպությունը և փրկեց Գերմանիա աքսորվող սովետական շատ քաղաքացիների կյանքը, իսկ երբ ֆաշիստներին հաջողվեց մատնությամբ ձերբակալել նրան, մահից առաջ հայ քաջորդին խեղդեց իրեն քննող գերմանացուն (Հ. Զաքարյանի մասին դուք կարող եք կարդալ Ռ. Փաշինյանի «Մահից էլ հզոր» գրքում): 1944 թ. հուլիսին սովետական հաղթական զորքերի շարքում, Բելոռուսիայի վերջնական ազատագրմանը մասնակցեցին Առաջին մերձբալթյան ռազմաճակատի զորքերը այն ժամանակ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ։
Երբ ատելի թշնամին դուրս քշվեց, Բելոռուսիայում մնացել էին միայն թշնամու ավերած ու հրկիզած քաղաքներն ու գյուղերը։ Բելոռուս ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց վերականգնելու քայքայված տնտեսությունը: Վերստին կյանքի կոչվեցին քաղաքներն ու գյուղերը, գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսությունները, դպրոցները, հիվանդանոցները։ Բելոռուսիային օգնում էր սովետական ողջ երկիրը: Սովետական ժողովրդի հերոսական աշխատանքը, նրա կամքն ու եռանդը հրաշքներ գործեցին: Բելոռուսիան դարձավ ավելի գեղեցիկ, ավելի հարուստ:
Մեծ ու գեղեցիկ Մինսկը, ուր մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում, այժմ նորից-նոր կառուցված մայրաքաղաք է ընդարձակ փողոցներով ու հրապարակներով, կանաչ պուրակներով, խոշոր ֆաբրիկաներով ու գործարաններով, թատրոններով, համալսարանով, ինստիտուտներով թանգարաններով:
- Գեղեցիկ է Բելոռուսիայի հողը
- Ուր արծվասլաց մտքերի համար
- Կա վեհ թռիչքի անհունություն.
- Ուր աշխատասեր, ուժեղ և համառ
- Իմ ժողովուրդն է հավերժ ապրում...
- (Մ. Տանկ)
- Բելոռուսիայի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ գրքում։
- Вольский В. Ф., Три путешествия в страны белорусов, М., «Дет. лит.», 1967, (Ты по стране идешь
Բևեռափայլ
Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելովч կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը նետերի նման ճեղքում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե վարագույրներ: