Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/232

Այս էջը հաստատված է

Դա բնության ամենահիասքանչ և ամենագեղեցիկ երևույթներից մեկն է՝ բևեռափայլը: Պայծառ հյուսիսափայլը (հյուսիսում այդպես են անվանում բևեռափայլը) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը կապված են Արեգակի հետ։ Դուք, անշուշտ, գիտեք, որ Արեգակը հսկայական չափերի շիկացած գունդ է: Այդ վիթխարի «վառարանը» տիեզերական տարածություն է ճառագայթում հսկայական քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր։ Հասնելով Երկրի մթնոլորտի վերին՝ երկրի մակերևույթից 80-1000 կմ բարձրության վրա գտնվող շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կարմիր, նարնջագույն: Այսպես է առաջանում բևեռափայլը։

Իսկ ինչո՞ւ է այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար միայն երկրի բևեռների մոտ (հյուսիսային և հարավային): Բանն այն է, որ ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Գիտնականները նկատել են, որ բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը: Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք Երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում


Բետոն և երկաթբետոն

Բետոնից, շատ ամուր արհեստական այդ քարից, շինություններ են կառուցել դեռևս հին հռոմեացիները։

Զուր չէ, որ բետոնն անվանում են արհեստական. բնության մեջ պատրաստի բետոն չես գտնի։ Նախ հարկավոր է գործարանում պատրաստել հատուկ փոշի՝ ցեմենտ։ Ցեմենտը խառնում են ավազին, ապա ցեմենտաշաղախին ավելացնում են մանրացրած քարեր՝ խիճ: Այս ամենը միասին լավ խառնում են, և բետոնը պատրաստ է։ Այժմ բետոնի «շիլան» կարելի է լցնել փայտե կամ մետաղե հատուկ արկղի