թողել ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացման վրա:
Գիտական մեծ վաստակի համար Բյուրականի աստղադիտարանը առաջինը սովետական աստղադիտարաններից 1967 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Հիմնադրման օրվանից Բյուրականի աստղադիտարանի անփոփոխ դիրեկտորն է ակադեմիկոս Վ.Համբարձումյանը, իսկ գիտական աշխատակիցները գրեթե առանց բացառության նրա աշակերտներն են՝ Երևանի համալսարանի սաներ:
Բյուրեղներ
Ձմեռային խաղաղ մի օր, երբ դանդաղ իջնում է ձյունը, դուրս եկեք փողոց և ուշադիր նայեք փաթիլներին: Այդ աստղիկները կազմված են սառցե նուրբ ասեղիկներից։ Երբեմն-երբեմն միայն կտեսնեք վեցանկյունաձև ամբողջական թիթեղիկներ:
Փաթիլները միշտ վեց ճառագայթ են ունենում։ Եվ այնուամենայնիվ, նրանք տարբերվում են իրարից. ամեն անգամ սառցե ասեղիկները դասավորվում են նոր արտասովոր զարդանախշով: Մի գիտնական լուսանկարել է 2500 փաթիլ, և նրանք բոլորն էլ իրարից տարբեր էին։
Գետի հաստ սառույցը կազմված է մատիտների նմանվող վեցանկյուն սյունիկներից, որոնք կարելի է տեսնել գարնան հալոցքի ժամանակ։ Եվ փաթիլների ասեղիկները՝ «մատիտիկները», սառած ջրի բյուրեղներ են:
Սառույցի մանրիկ մասնիկները չէ միայն, որ բյուրեղներ են անվանում։ Գրեթե բոլոր քարատեսակները, գրեթե բոլոր ապարները կազմված են բյուրեղներից: Մետաղների հանքաքարերը և այդ հանքաքարից ստացվող մետաղները՝ աղը, շաքարը և մեզ շրջապատող շատ ուրիշ նյութեր, բյուրեղային նյութեր են: Ամենագեղեցիկ բյուրեղները թանկարժեք քարերն են:
Բյուրեղներն օժտված են յուրատեսակ հատկություններով, որոնք կախված են ոչ միայն այն բանից, թե ինչ ատոմներից են կազմված այդ բյուրեղները, այլև թե այդ ատոմներն ինչպես են դասավորված: Բյուրեղների ներքին աշխարհը թափանցելուն օգնեցին ռենտգենյան ճառագայթները, հենց այն ճառագայթները, որոնցով պոլիկլինիկաներում նկարահանում են հիվանդի այս կամ այն ներքին օրգանը: Պարզվեց, որ բյուրեղում ամեն ատոմ կապված է որոշակի թվով հարևան ատոմների հետ, որոնք նույնպես դասավորված են որոշակի կարգով: Յուրաքանչյուր բյուրեղի համար այդ թիվն ու կարգը միշտ հաստատուն են:
Ամեն մի նյութի բյուրեղ իրեն հատուկ ձևն ունի: Կատարեք այսպիսի մի փորձ: Տաք ջրով լի անոթում այնքան աղ լուծեք,