Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/249

Այս էջը հաստատված է

Աշխատելով բնության գրկում նրանք ստեղծեցին լուսառատ կենսահույզ կտավներ։ Շատ բնանկարներ են ստեղծել նաև 19-րդ դարի վերջի նշանավոր նկարիչներ ֆրանսիացի Գոգենը, հոլանդացի վան Գոգը և ուրիշներ։

Իրենց կտավներում ռուսական բնության բովանդակալից և բանաստեղծական պատկերն են կերտել նկարիչ պերեդվիժնիկները՝ Ա․ Կ․ Սավրասովը Ի․ Ի․ Շիշկինը, Ի․ Վ․ Լևիտանը, Ա․ Ի․ Կուինջին։

Բնանկարն աչքի ընկնող տեղ է գրավում նաև սովետական հայտնի գեղանկարիչներ Ի. Է. Գրաբարի, Ա.Ա․ ԴԵյնեկայի ստեղծագործություններում։

Հայ ժողովուրդը տվել է բնանկարիչների պատկառելի մի սերունդ՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհ․ Այվազովսկի, Վ․ Մախոխյան, Գ․ Բաշինջաղյան, Շահին Փ․ Թերլեմեզյան, Ե․ Թադևոսյան, Ս․ Առաքելյան, Մ․ Ավետիսյան, Հ․ Հակոբյան։ Անունների այս շարքում առանձնահատուկ տեղ է գրավում 20-րդ դարի հայ խոշորագույն նկարիչ Մ․ Ս․ Սարյանը, որը մեծ վարպետությամբ է պատկերել հայրենի հեքիաթային բնաշխարհը։ Հայրենի բնության գողտրիկ մի անկյուն է ներկայացնում Ս․ Առաքելյանի «Աշունը Երևանի շրջակայքում» նկարը՝ անվրդով մաքուր ու լուսավոր տրամադրությամբ աշխատավոր մարդու առօրյայով, դեղնակարմիր ծառերի ու ձյունապատ լեռների փայլուն ներդաշնակումով։

Բանաստեղծորեն պատկերելով մեզ շրջապատող բնությունը՝ նկարիչ արվեստագետները մեր առջև բացում են նրա անսպառ գեղեցկությունները և սովորեցնում ավելի խորը սիրելու հայրենի բնաշխարհը։


Բնավորություն

Ինչպիսի՞ մարդիկ են ձեզ հատկապես դուր գալիս։

Նրանք, անշուշտ, ովքեր խիզախ են, համարձակ, արի, հավատարիմ իրենց պարտքին։ Մեզ բոլորիս միշտ էլ գրավում է մարդու բարությունը, նրբազգացությունը ազնվությունը։ Մենք թվարկեցինք միայն այն մի քանի գծերը, որոնք կազմում են մարդու բնավորությունը։ Մարդու բնավորությունը դրսևորվում է նրա արարքներում, վարքագծում, կյանքի ու շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքում, այն բանում, թե ինչպես է նա աշխատում կամ սովորում։ Համարձակ մարդը հրդեհից չի վախենա և մարդկանց փրկելու համար կմտնի անգամ այրվող տունը։ Հաստատակամ մարդը միշտ հասնում է իր նպատակին, ազնիվը երբեք չի խաբում։

Սովետական մարդկանց բնորոշ են այն բոլոր վեհ, գեղեցիկ հատկությունները, որ մենք թվարկեցինք։ Բայց նրանք ունեն նաև միանգամայն առանձնահատուկ սովետական բնավորության գծեր․ «Սովետական մարդկանց մեջ,– ասվում է մեր կուսակցության ծրագրում,- ձևավորվել են հոգևոր նկարագրի ընդհանուր գծեր»։ Չէ՞ որ սովետական մարդկանց նպատակը մեկն է՝ կառուցել կոմունիզմ։ Նպատակի միասնության հետ էլ կապված են նրանց հրաշալի գծերը։

Կույր, ծանր հիվանդությամբ անկողնում գամված մարդը գիրք էր գրում։ Տառերը նա գրում էր մատիտով, ստվարաթղթի վրա արված ակոսներում, այլապես տողերը կխառնվեին։ Աշխատանքը գերմարդկային տոկունություն և ուժերի լարում էր պահանջում։ Բայց նա գրում էր, որովհետև ուզում էր մարդկանց պատմել հեղափոխության, նոր կյանքի համար մղված պայքարի, իր ընկերների մասին, որոնց հետ մարտնչել էր սովետական իշխանության համար։ Այդ մարդը Նիկոլայ Օստրովսկին էր՝ մեր ամենալավ գրքերից մեկի՝ «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպի հեղինակը։ Նրա հերոսի մասին դուք կարող եք իմանալ «Պավել Կորչագին» զրույցից։

1919 թ․ ապրիլի 12-ին Մոսկվա Սորտիրովոչնայա շոգեքարշային դեպոյի տասնհինգ բանվորներ դեպոյից դուրս չեկան այնքան ժամանակ, մինչև չնորոգեցին երեք շոգեքարշ, այն էլ՝ առանց վարձատրության։ Դա մեր երկրում կոմունիստական առաջին շաբաթօրյակն էր։

Հայրրենական մեծ պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսեյ Մերեսևը ծանր վիրավորվելուց հետո կորցրեց զույգ ոտքի թաթերը։ Թվում էր՝ այլևս խոսք անգամ չի կարող լինել, թե նա նորից կթռչի և կկռվի ֆաշիստների դեմ։ Բայց Մերեսևը հրաշք գործեց։ Հաղթահարելով ցավը՝ նա երկար ժամանակ մարզվում էր և սովորեց այնպես կառավարել իր պրոթեզները, որ կարողացավ նորից նստել ինքնաթիռի ղեկի առջև և ռազմաճակատ վերադառնալ։

Հայ ժողովրդի զավակ Հունան Ավետիսյանը Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման