Բրինձ
Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ Հարավ–Արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում։ Բրնձի հայրենիքը Հնդկաստանն ու Հնդկաչինն են: Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես են հնդիկները մարգերով բրինձ աճեցնում։ Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում և Չինաստանում, նաև Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ: ՍՍՀՄ-ում բրինձ ցանում են Պրիմորիեի երկրամասում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Վոլգայի ստորին ավագանում, Կուբանի գետաբերանում, Անդրկովկասում: Նշված շրջաններում այդ ջերմասեր բույսի համար բավականին շոգ ամառ է լինում, իսկ ոռոգման ջուրը վերցնում են գետերից: Բրինձը ցանում են խոնավ հողի մեջ։ Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա։ Ինչպե՞ս է բրինձն աճում ջրում։ Չէ՞ որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրնձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ: Բրնձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ։ Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ։ Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում։ Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով: Բրնձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրնձի հիանալի, սպիտակ ձավարը։ Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրնձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի: Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձրորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ: Հայաստանի բնակլիմայական յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ:
Բրունո Ջորդանո
Հռոմում շատ հուշարձաններ կան և դրանց մեջ՝ մեկը, որը գիշերը չեն լուսավորում և չեն սիրում ցուցադրել զբոսաշրջիկներին։ Կանգնած է նա հին տներով շրջապատված նեղ հրապարակի կենտրոնում, այնտեղ, ուր 1600 թ. բոցկլտում էր խարույկը: Այդ խարույկի վրա այրեցին Ջորդանո Բրունոյին և նրա հրաշալի գրքերը։ Պատանի Ջորդանոն վանքի դպրոց էր հաճախում: Այն ժամանակ սովորեցնում էին, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնն է, իսկ Արեգակն ու բոլոր մոլորակները պտտվում են նրա շուրջը: Եկեղեցականները հալածում էին բոլոր նրանց, ովքեր դրան համաձայն չէին, իսկ առանձնապես համառներին ոչնչացնում էին: Բրունոյին ստիպում էին առանց մտածելու սերտել ու կրկնել եկեղեցու ուսմունքը: Բայց նա ուզում էր ինքնուրույն մտածել: Բրունոն սկսեց թաքուն այնպիսի գրքեր ճարել, ուր աշխարհի կառուցվածքի մասին այլ կերպ էր խոսվում։ Նա ուշադրությամբ ընթերցում էր դրանք, խորհում կարդացածի մասին, ինքնուրույն դիտում երկնային լուսատուների շարժումները: Եվ Բրունոն գիտնական դարձավ: Շատ տարիներ թափառեց Բրունոն Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում։ Ամենուր նա ջանում էր իմանալ այն ամենը, ինչ սովորեցնում էին իսկական գիտնականները, նրանք, ովքեր համամիտ չէին եկեղեցականների հետ: