Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/264

Այս էջը հաստատված է

քանի կյանք է փրկում: Իսկ որքան բարի, սփոփիչ խոսքեր է ասում ամեն մի վիրավորի։ Նա գիտե, որ բարությունն ու գթասրտությունը երբեմն ավելի լավ են օգնում, քան ցանկացած դեղ: Ժամանակ առ ժամանակ նա հերթապահում է նաև գիշերը։ Դաշտային հիվանդանոցի գիշերային այդպիսի հերթապահություններից մեկն է պատկերել պատերազմի մասնակից, սովետական նկարիչ Բ. Մ. Նեմենսկին։ Այդ և սովետական նկարիչների շատ այլ կտավներ հավերժացնում են հարյուր հազարավոր բուժքույրերի` Հայրենական մեծ պատերազմի հերոսական մասնակիցների սխրանքը։ Խաղաղ ժամանակներում էլ բուժքույրերը պետք է լինեն տոկուն ու անվախ: Վիրահատարանում շատ բարդ, ժամեր տևող վիրահատություն է կատարվում: Բժշկի կողքին մշտարթուն կանգնած է բուժքույրը։ Նա մատուցում է վիրաբուժական գործիքները, վիրակապելու նյութերը, որոնք ինքն էլ նախօրոք պատրաստում է: Հիվանդասենյակում տնքում է հիվանդը, նա շատ վատ է զգում, ջուր է ուզում, իսկ կողքին հարազատներից կամ ծանոթներից ոչ ոք չկա: Եվ նորից օգնության է հասնում բուժքույրը սփոփում է, ուղղում բարձը, ջուր տալիս, եթե պետք է, սրսկում, դեղ տալիս, կերակրում իր ձեռքով: Ձեզանից նա, ով հաճախել է մանկապարտեզ կամ էլ երբևէ դիմել պոլիկլինիկա, բուժվել հիվանդանոցում, լավ գիտե, որ բուժքույրը բժշկի հավատարիմ օգնականն է: Զուր չէ, որ հիվանդները երբեք նրան այլ կերպ չեն կոչում, քան «քույր», «քույրիկ»։ Այդ փաղաքշական բառն առաջին անգամ նման նշանակությամբ օգտագործվել է այն ժամանակ, երբ ծնունդ էր առնում բուժքրոջ մասնագիտությունը: Դա 1854–1855 թվականներին էր, Սևաստոպոլ քաղաքի հերոսական պաշտպանության ժամանակ Սևաստոպոլի հասարակ կանայք դուրս էին եկել կռվի դաշտ` օգնելու քաղաքի պաշտպաններին։ Նրանք զինվորների համար հաց ու ջուր էին բերում, կապում վերքերը, վիրավորներին հեռացնում մարտադաշտից։ Եվ զինվորներն իրենց կամավոր օգնականներին ու փրկիչներին փաղաքշորեն անվանում էին «քույր», «քույրիկ»... Առաջին ռուս բուժքրոջն անվանում էին Դաշա Սևաստոպոլսկայա: Նրա կերպարը հավերժացվել է նկարիչ Ֆ. Ա. Ռուբոյի «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերում: Հաշվի առնելով կանանց «գթասիրտ մասնակցությունը» Սևաստոպոլի պաշտպանությանը` ռուս մեծ վիրաբույժ Ն. Ի. Պիրոգովը կառավարությանն առաջարկեց Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիային կից բացելու գթության քույրերի (այդպես էին 19-րդ դարում, Ն. Ի. Պիրոգովի ժամանակներում, անվանում բուժքույրերին) դասընթացներ: Այդպես սկսվեց բուժքույրերի մասնագիտական ուսուցումը։ Սովետական Միությունում բուժքույրերի ուսուցման համար ստեղծված են բժշկական ուսումնարաններ:

Բուլղարիա

(Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն, ԲԺՀ)

Ամեն տարի մայիսի 24֊ին Սոֆիա քաղաքը տոնական զգեստ է հագնում: Գեորգի Դիմիտրովի դամբարանի տրիբունաների առջևով անցնում են շքերթի մասնակիցները, որոնց շարքերում նաև շատ դպրոցականներ են լինում: Ազգային տարազներ կամ սև-սպիտակ աշակերտական համազգեստներ հագած՝ նրանք տանում են պլակատներ և ցուցանակներ։ Այդ օրը բուլղարական ողջ ժողովուրդը մեծ շուքով նշում է սլավոնական դպրության, լուսավորության և մշակույթի օրը։ Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց անտի նրանք բնակվում են Բալկանյան թերակղգու հյուսիս-արևելքում։ Բայց իրենց ողջ պատմության ընթացքում նրանք հարկադրված են եղել պայքարել անկախության համար, սկզբում Բյուզանդիայի, հետո թուրքական Օսմանյան կայսրության դեմ: Չնայած 500-ամյա թուրքական լծին, նրանք կարողացել են պահպանել իրենց դպրությունն ու մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների մշակույթին: Բուլղարական այբուբենի հիմքում ընկած է ավելի քան հազար տարի առաջ ստեղծված հին սլավոնական այբուբենը՝ «կիրիլիցան», որի վրա է հիմնված նաև ռուսական այբուբենը։ Ամառային արձակուրդներին բուլղարացի դպրոցականները ճանապարհորդության են մեկնում հայրենի երկրով։ Նրանց կարելի է հանդիպել Բալկանյան լեռների Շիպկայի նշանավոր լեռնանցքում: Այստեղ