Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/277

Այս էջը հաստատված է

գոտևորում է ողջ երկնակամարը։ Այդ շերտը թափված կաթի հետք է հիշեցնում և այդ պատճառով էլ դեռ հնում այն անվանել են Ծիր կաթին։ Հայերը Ծիր կաթինն անվանում են նաև Հարդագողի ճանապարհ։

Ժամանակակից աստղադիտակներով դիտելիս երևում է, որ Ծիր կաթինը կազմված է աղոտ առկայծող բազմաթիվ աստղերից, որոնք անզեն աչքով դիտելիս միաձուլվում են և երևում որպես համատարած մի շող։

Ծիր կաթինն այն աստղերի մեծամասնությունն է, որոնք մտնում են աստղային հսկայական համակարգի՝ Գալակտիկայի, կազմի մեջ։ Գալակտիկային են պատկանում նաև երկնքում դիտվող մյուս աստղերը և մեր աստղը՝ Արեգակը: Գալակտիկայի աստղերի ընդհանուր թիվն ահռելի է՝ մոտ 100 միլիարդ։ Նրանք գոյացնում են սկավառակի ձև ունեցող վիթխարի մի խառնակույտ։ Գալակտիկայի մեծ տրամագիծն այնքան մեծ է, որ լույսի ճառագայթը նրա երկարությունը կարող է հաղթահարել միայն 100 հզ տարում։ Արեգակը Գալակտիկայի սովորական աստղ է։ Այն ավելի մոտ է մեր աստղային համակարգի եզրին, քան կենտրոնին։ Իսկ Գալակտիկայի կենտրոնում կա աստղերի խիտ, գրեթե գնդաձև մի կույտ, որը կազմում է Գալակտիկայի միջուկը։

Բոլոր աստղերը պտտվում են Գալակտիկայի միջուկի շուրջը, ընդ որում Արեգակն իր մոլորակներով Գալակտիկայի միջուկի շուրջը իր պտույտն ավարտում է 200 մլն տարում։ Այդ հսկայական ժամանակահատվածը կոչվում է գալակտիկական տարի։

Աստղերից բացի Գալակտիկայի կազմում կան տիեզերական պինդ, մանր փոշու և գազի չափազանց նոսր, վիթխարի ամպեր։ Դրանք անվանում են փոշային և գազային միգամածություններ։ Շատ հավանական է, որ Գալակտիկայի բազմաթիվ աստղերի շուրջը պտտվում են մոլորակներ, բայց ժամանակակից հզոր աստղադիտակներով անգամ դրանք տեսնելն անհնար է։

Բացառված չէ, որ մեր Գալակտիկայի որոշ մոլորակների վրա կան բանական էակներ, որոնք ունակ են ռադիոազդանշաններ ուղարկելու Տիեզերք։ Այժմ գիտնականները փորձում են հզոր ռադիոաստղադիտակների օգնությամբ որսալ այլ մոլորակների բնակիչների այդպիսի ռադիոազդանշաններ։ Բայց մինչև օրս այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Մեր Գալակտիկայից բացի, Տիեզերքում կան բազմաթիվ այլ գալակտիկաներ։ Դրանցից ամենամոտիկները մեր երկնքում երևում են որպես փոքրիկ, մշուշոտ բծեր։ Այդ գալակտիկաներից լույսի ճառագայթը մեզ է հասնում միլիոնավոր, իսկ հայտնի ամենահեռավոր գալակտիկաներից՝ միլիարդավոր տարիների ընթացքում։

Գալիլեյ Գալիլեո

1564-1642

Առաջին մարդը, որ երկնքին նայեց 1642 խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր։

1608 թ Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, և այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը։ Եվ Գալիլեյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Դրանք դեռևս շատ անկատար էին․ փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, մեծը՝ 32 անգամ։ Բայց այդ համեստ միջոցներով Գալիլեյը մեծ հայտնագործություններ կատարեց։

1609 թ. աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի Լուսին և պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ Լուսնի «լեռներն» ու «հովիտները»։ Նշանակում է, Լուսինը բյուրեղապակե ողորկ գունդ չէ, ինչպես այն ժամանակ ենթադրում էին շատերը, այլ նման է Երկրին։

Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը կամ ինչպես ասում են, փուլերը։ Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե Երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը։

Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր։ Դրանց տեղափոխությունից ելնելով գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Նշանակում է, Արեգակը ևս բացարձակ մաքուր, «կատարյալ» մարմին չէ ինչպես սովորեցնում էին հին փիլիսոփաներն ու Գալիլեյի ժամանակների եկեղեցականները։

Բայց ամենազարմանահրաշը Յուպիտեր հսկա մոլորակն էր։ Նրա շուրջը պտտվում էին չորս լուսին-արբանյակՆեր, ճիշտ այնպես, ինչպես, ըստ Կոպեռնիկոսի