Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/281

Այս էջը հաստատված է

հրապուրում է ոչ միայն բնության հրաշալիքներով, օվկիանոսագիտական հիանալի թանգարանով, որտեղ օվկիանարիում հաստ ապակիների ետևում լողում են ստորջյա աշխարհի բնակիչները։ Նրանց գրավում է նաև Մոնտե Կարլոյի խաղատունը, ուր շահում կամ տանուլ են տալիս հսկայական գումարներ։ Եվ Մոնակոյի ամբողջ բնակչությունը, իշխանի գլխավորությամբ, հիմնականում ապրում է խաղատան և օտարերկրյա հարուստ զբոսաշրջիկների սպասարկման եկամուտների հաշվին։ Հռենոսի աջ ափիին, Ավստրիայի և Շվեյցարիայի միջև, պատսպարվել է Լիխտենշտայնի իշխանությունը։ Նրա երեք քառորդը զբաղեցնում են փշատերև անտառներով և մարգագետիններով ծածկված լեռները։ Կլիման լեռներում խիստ է, հարթավայրում մեղմ, տաք ամառով։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, մշակում հացահատիկ, խաղող, եփում գարեջուր։ Գործարաններն ու ֆաբրիկաները մշակում են փայտանյութ, արտադրում մեքենաներ, գործվածքներ, մսի պահածոներ։ Ֆաբրիկաներից մեկն էլ հայտնի է ողջ աշխարհին․ այնտեղ պատրաստում են արհեստական ատամներ։ Լիխտենշտայնի իշխանությունում խոսում են, հիմնականում, գերմաներեն։ Այս փոքր պետությունը բանակ չունի, իսկ ամբողջ ոստիկանությունը հաշվվում է 18 մարդ։ Պետությունը գլխավորում է իշխանը։ Ապենինյան լեռներում է գտնվում Սան Մարինո փոքրիկ պետությունը։ Այս երկրի բնակիչները մշակում են մրգի ու խաղողի այգիներ, զբաղվում անասնապահպահությամբ։ Այստեղ գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հատկապես հայտնի է Մոնտե Տիտանո լեռը, որի լանջերին է տեղավորված մայրաքաղաքը Սան Մարինոն։

Եվրոպայում, այս չորս գաճաճ պետություններից բացի, կա նաև մեկ ուրիշ փոքր պետություն՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունը։ Արդեն կես դար է, ինչ նա անկախ է։ Բայց, այնուամենայնիվ, երկրում մեծ դեր են խաղում հարևան երկրների Բելգիայի և Ֆրանսիայի, խոշոր կապիտալիստները։

Լյուքսեմբուրգում զարգացած է արդյունաբերությունը, առանձնապես սև մետալուրգիան, որն օգտագործում է տեղի երկաթի հանքաքարը։ Այստեղ ձուլում են ավելի շատ թուջ և պողպատ, քան որոշ, անհամեմատ ավելի խոշոր երկրներում։ Ինժեներները, բժիշկները, ուսուցիչները կրթություն են ստանում Լյուքսեմբուրգից դուրս, որովհետև այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններ չկան։ Լյուքսեմբուրգի ինքնատիպ բնությունը, արագահոս գետերը, ընդարձակ հովիտները, փարթամ անտառները և հինավուրց հուշարձանները հրապուրում են բազում զբոսաշրջիկների։

Գայ

(Բժշկյան Հայկ Դմիտրիի) 1887֊1937

1915 թ․ Արևմտյան Հայաստանում ահեղ մարտեր էին գնում։ Էրզրումի մոտ հայկական ջոկատն ընկել էր թուրքական մեծաթիվ զորքերի շրջապատման մեջ։ Անհավասար մարտում զոհվել էր ջոկատի հրամանատարը։ Երեք տեղից ծանր վիրավորված ենթասպա Հայկ Բժշկյանը դիմեց հուսահատված մարտիկներին․

֊Մենք թվով քիչ ենք, ճիշտ է, բայց մենք կռվում ենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին փրկելու համար։ Հանե՛ք սրերը պատյաններից։ Ե՛ս եմ ձեր հրամանատարը։

Գոտեպնդված մարտիկները մարտի նետվեցին և ճեղքելով թուրքերի օղակը դուրս եկան շրջապատումից..

Բայց Հայաստանը չփրկվեց։ Հայաստանը փրկելու համար պետք էր ազատարար Հոկտեմբերի արևը, Լենինի բանակը, որին էլ զինվորագրվեց Հայկ Բժշկյանը։ Նրան մի քանի տարի հետո կոչելու էին Գայ որ «հայ» բառն էր ռուսերեն արտասանությամբ և ժողովուրդը երգեր ու լեգենդներ էր հորինելու նրա մասին։

Դրանից դեռ շատ առաջ ընտանիքի հետ իր ծննդավայրից Պարսկաստանի Թավրիզ քաղաքից Թիֆլիս (Թբիլիսի) տեղափոխված պատանին մասնակցում էր աշակերտական հեղափոխական ելույթների, որի համար հեռացվեց Ներսիսյան դպրոցից ուր սովորում էր։ Հետագայում Բաքվում, Թիֆլիսում, Աստրախանում և այլուր ծավալած նրա հեղափոխական գործունեությունն աննկատ չմնաց ցարական ժանդարմներից։ Նրան բանտ նետեցին։ Բայց ոչ մի բռնություն չէր կարող ընկճել բոլշևիկյան դրոշի ներքո պայքարի ելած Հայկ Բժշկյանի ոգին։ 1918 թ․ Հայկ Բժշկյանը Նշանակվում է Սիմբիրսկի հավաքական դիվիզիայի պետ, որը կռվում էր հեղափոխության թշնամիների դեմ։ Կենաց և մահու այդ պայքարում