աշխատավորությանը մեծ օգնություն ցույց տվեցին սովետական և սոցիալիստական մյուս երկրների ժողովուրդները:
Ալբանիայի ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Արգավանդ հողերն զբաղեցնում են երկրի տարածքի միայն մի մասը. այդ պատճառով էլ ալբանացիները չորացնում են ճահճացած հողերը և այգիների համար օգտագործում լեռների մեղմաթեք լանջերը: Ալբանիայում գյուղացիները միավորված են գյուղատնտեսական կոոպերատիվներում: Նրանք մշակում են եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ, աճեցնում կարտոֆիլ, բանջարեղեն, ընդավորներ, խաղող, կիտրոն, նարինջ, ձիթենի, ինչպես նաև` ծխախոտ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, գետնանուշ։ Ալբանացիները պահում են կովեր, ջորիներ, ձիեր, գոմեշներ, խոզեր, այծեր, ոչխարներ: Լճերում և Ադրիատիկ ծովի ափամերձ ջրերում զբաղվում են ձկնորսությամբ:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան երկրի արդյունաբերական և մշակութային կենտրոնն է: Այստեղ կառուցվել են տեքստիլ կոմբինատ, մեխանիկական գործարան, կահույքի և կոշիկի ֆաբրիկաներ, ապակու, հախճապակու և այլ գործարաններ. ժողովրդական իշխանության տարիներին մտցվել է երեխաների պարտադիր ուսուցում։ Բացվել է երկրի պատմության մեջ առաջին համալսարանը։ Ստեղծվել է կինոստուդիա, կառուցվել են թատրոններ և կինոթատրոններ:
Ալբանիայի ժողովրդական Սոցիալիստական Հանրապետությունն, անկասկած կհասներ ավելի մեծ հաջողությունների, եթե 1960-ական թվականների սկզբին ալբանական ղեկավարները չդադարեցնեին Ալբանիայի համագործակցությունը ՍՍՀՄ-ի և Եվրոպական մյուս սոցալիստական երկրների հետ: