Ամպամած անձրևոտ օրերին փոքրիկ գեղգեղիկը մի մոխրագույն, աննշան թռչնակի է նման: Հայտնվում է, մտնում թփերի մեջ և այլևս չի երևում: Բայց ահա դուրս եկավ արևը կեչու և թխենու տերևներին ուրախ թռչկոտեցին արևի շողերը և գեղգեղիկն ինքն էլ ասես արևի շող դարձավ: ժիր թռչնակը ճախրում է ծառն ի վեր թաքնվում խիտ սաղարթի մեջ, և ապա տարածվում է երգը՝ «ճը՛նկ-ճը՛նկ» «ճը՛նկ֊ճը՛նկ»։ Գեղգեղիկն է երգում:
Ահա թխենու ոստն ի վեր ցատկոտում է ոսկեկանաչ մի թռչնակ նայում ամեն տերևի տակ այս ու այնտեղ խցկում հետաքրքրասեր կտուցիկը և անընդհատ կրկնում «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւիթհ», «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւիթհ»: Հետո նստում է դալար ծառի կատարին և սկսում հնչեղ ու սահուն արտաբերել «ֆյո՛ւթհ-ֆյո՛ւթհ-ֆյո՛ւթի...»: Ապա ասես ձայնը կտրվեց քնքշորեն նվաղում է «ֆյուուո՛ւթհ...»։ Այդպես է երգում իր երգը մեկ այլ գեղգեղիկ՝ գարունիկը:
Բացի նշվածներից Սովետական Միության անտառներում հանդիպում է գեղգեղիկների ևս տասներեք տեսակ: Նրանք միմյանցից կարելի է զանազանել իրենց երգով:
Գեղգեղիկները հսկայական օգուտ են տալիս ոչնչացնելով վնասատու շատ միջատների: Գեղգեղիկի քաշը 5-12 գ է, բայց մեկ օրում կարող է ուտել մինչև 17 գ կեր:
Աշխարհում կան զարմանալի շատրվաններ, որոնք գործում են իրենք իրենց, առանց մարդու մասնակցության: Դրանց ջուրը տաք է, եռացող: Այդ շատրվանները խփում են ուղղակի գետնի տակից: Դրանք գեյզերներն են (իսլանդերեն «գեյզա» բառից, որ նշանակում է «դուրս հորդել»), որ կարող ես տեսնել Կամչատկայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում:
Գեյզերները միշտ լինում են գործող կամ էլ նոր հանգած հրաբուխների մոտ: Մագմայից անջատված շիկացած գոլորշու և գազերի ազդեցությամբ ստորգետնյա ջրերը տաքանում են և եռացող շատրվանի կամ աղբյուրի ձևով դուրս գալիս երկրի մակերևույթ: Յուրաքանչյուր գեյզեր ժայթքում է յուրովի՝ որոշակի ժամանակահատվածից հետո տարբեր ուժով: Կամչատկայում մի գեյզեր «աշխատում է» ամեն չորս րոպեն մեկ նրան այդպես էլ անվանել են ժամացույց: Իսկ Ելոուսթոնի պարկի «Ծեր զինվորական» կոչվող գեյզերը խփում է ժամը մեկ, Անդադրունք կես րոպեն մեկ, կարող ես, նույնիսկ, ժամացույցդ ստուգել։ Իսլանդիայի Մեծ գեյզերը ժայթքում է օրը մեկ անգամ, բայց նրա շատրվանով կարելի է հիանալ 3 ժամ անընդհատ: Հենց ժայթքումն ավարտվում է, անդորր է տիրում, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հետո քուրը նորից սկսում է եռ գալ՝ քլթքլթալ, մինչև նոր ժայթքումը:
Գեյզերի եռացող ջրից անջատվող սիլիկահողի նստվածքների երփներանգ գեյզերիտի շիթերն ու մակահոսուկները գեղեցկացնում են թե՛ բուն ժայթքումը և թե՛ ողջ շրջապատը: Գեյզերիտը տարբեր երանգներ է ունենում վարդագույն, մոխրադեղին, մարգարտափայլ:
Առաջ գեյզերների ջուրը զուր տեղը կորչում էր, իսկ այժմ այն օգտագործում են շենքերի, ջերմոցների լողավազանների ջեռուցման համար: