Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/297

Այս էջը հաստատված է

Անհիշելի ժամանակներից գետերը մարդկանց ջուր են տալիս։ Վաղուց նրանք հաղորդակցման ուղիներ են եղել։ Գետերի վրա մարդիկ քաղաքներ են կառուցել: Գետերը եղել են պետության սահման, պաշտպանել թշնամիների հարձակումներից։ Մարդկանց կյանքում գետերը շատ կարևոր դեր են խաղում, նաև այժմ գետի ջուրն անհրաժեշտ է գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին։ Գետերի վրա կառուցում են հիդրոէլեկտրակայաններ, որոնք էժան էլեկտրաէներգիա են տալիս: Գետերով նավարկում են բեռնատար և մարդատար նավեր, լաստառաքվում է անտառանյութ: Գետերի ջրով ոռոգվում են պապակ հողերը։ Գետերը մեր մեծ հարստությունն են: Նրանք պետք է պահպանել նավթով տնտեսական և արդյունաբերական թափոններով աղտոտվելուց։ Իսկ որպեսզի գետերը ջրառատ լինեն, չպետք է կտրել նրանց ափերին ու ջրբաժաններին աճող ծառերն ու թփերը:

Գետաձի

Հին հռոմեացիները Աֆրիկայում, Նեղոսի գետաբերանում տեսնելով ծանրամարմին, դանդաղաշարժ ինչ-որ կենդանիների, նրանց անվանեցին հունարեն «հիպոպոտամ» բառով, որ նշանակում է «գետի ձի»: Բայց գետաձին թերևս միայն փռնչացնում է ձիու պես, իսկ ընդհանուր առմամբ նրան ամենևին նման չէ։ Գետաձիու մաշկը փայլուն է, գրեթե մերկ և արագ չորանում է։ Աչքերը թմբիկների վրա են և տեղավորված են գլխի վերին մասում, ինչպես գորտինը կամ կոորդիլոսինը։ Թմբիկավոր են նաև ռունգերը։ Դա շատ հարմար է, քանի որ կարելի է, սուզանավի ջրադիտակների (պերիսկոպների) նման, ջրից դուրս թողնել միայն աչքերի ու ռունգերի «կղզյակները»: Գետաձիերի փոքրիկ ականջները ևս տեղավորված են «գագաթին»։ Գլուխը մեծ է, դունչը լայն, աչքերը փոքր: Մատները միացած են փոքր լողաթաղանթներով: Շոգ օրերին գետաձիերը ջրից դուրս չեն գալիս։ Մի քանի տասնյակ կազմող հոտերով կամ փոքր ընտանիքներով ճողփում են, փնչացնում, ֆսֆսում, և հաճախ գետով մեկ տարածվում է նրանց մռնչյունը։ Գետաձիերին մոտենալը վտանգավոր է, նրանք կարող են հարձակվել ոչ միայն մարդկանց, այլև, անգամ, նավակների վրա` հզոր ծնոտներով ջարդոտելով ու տաշեղի վերածելով դրանք։ Գետաձիու երախն ահռելի է, ասես ճամպրուկ լինի, իսկ ժանիքները 70 սմ երկարություն ունեն: Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին, էքսկավատորի շերեփի նման, ջրիմուռներ է հավաքում ջրի հատակից։ Երբեմն, ավելի հաճախ գիշերը, նրանք ափ են դուրս գալիս` անուշ անելու հյութալի բույսերը։ Ժամանակ առ ժամանակ էլ լինում են գետամերձ դաշտերում` իրենց շատ սիրած եգիպտացորենն ուտելու: Փխրուն հողին մնում են նրանց չորս հաստ ու կարճ ոտքերի հետքերը և գեր որովայնի թողած ակոսը դրանց մեջտեղում: Հասուն գետաձին 3 տոննայից ավելի է կշռում, իսկ ձագերը ծնվում են 35-40 կգ քաշով: Երկու-երեք շաբաթից հետո արդեն փոքրիկը կարող է շորորալով քայլել մոր ետևից, բայց միևնույն է, գետաձիու ընտանիքն ավելի շատ ջրում է մնում: Փոքրիկ գետաձիերը հաճախ են «բազմում» իրենց ծնողների մեջքին, ինչպես թաց ժայռերի: Իսկ երբ մայրն սկսում է լողալ, փոքրիկը կանգնում է, ինչպես նավապետն իր կամրջակին: Մարդիկ գետաձիեր էին որսում նրանց մսի, հաստ կաշվի, արժեքավոր ժանիքների համար: Հյուսիսային և հարավային Աֆրիկայում գրեթե բոլոր գետաձիերը ոչնչացվել են: Այժմ նրանց կարելի է հանդիպել միայն Արևելյան ու Կենտրոնական Աֆրիկայում, այն էլ, սովորաբար, արգելանոցներում։