Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/298

Այս էջը հաստատված է

Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն (ԳԴՀ)

Ավելի քան երեք տասնամյակ է անցել այն պահից, երբ գերմանական հողում ստեղծվեց խաղաղասեր մի պետություն, բանվորների և գյուղացիների պետություն՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը: Այդ ժամանակամիջոցում ԳԴՀ-ն, Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների անշահախնդիր օգնությամբ ու աջակցությամբ, փառավոր մի ուղի է անցել։ Այսօր այն բարձր զարգացած սոցիալիստական երկիր է, աշխարհի արդյունաբերական առաջատար տերություններից մեկը։ Երկաթուղային մայրուղով Մոսկվայից մինչև ԳԴՀ-ի մայրաքաղաք Բեռլին, կարելի է հասնել 30 ժամում: Բեռլինում սովետական մարդիկ առաջին հերթին սովորաբար, այցելում են Տրեպտովի զբոսայգում գտնվող սովետական զինվորի հուշարձանը: Այն կանգնեցված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` ի պատիվ ֆաշիստական Գերմանիային հաղթանակած սովետական բանակի: Պատերազմից հետո Բեռլինը գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է: Այնտեղ, ուր ավերակներ էին, գցվել են Մարքսի և Լենինի ծառուղիները։ Վերակառուցվել է կենտրոնական հրապարակը, ուր վեր են խոյացել բազմահարկ շենքեր ու 365 մ բարձրությամբ հեռուստատեսային աշտարակը։ Բեռլինից հյուսիս տարածվում է ընդարձակ մի դաշտավայր` աշորայի, վարսակի, կարտոֆիլի դաշտերով, ուր աշխատում են մեքենաները։ Խոտավետ մարգագետիններում արածում են կովերի նախիրներ: Բալթիկ ծովին մոտ դաշտավայրը վեր է ածվում ավազոտ բլրաշարերի: Նրա ափերին տեղավորված են ԳԴՀ-ի նավահանգիստներն ու նավաշինարանները: