Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/31

Այս էջը հաստատված է

Զորավարը նվաճեց պարսիկների մեծ ու ուժեղ տերությունը, նրա կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներին և թագավորությունները։ Նրան հպատակվեցին Եգիպտոսը, Բաբելոնը և շատ այլ երկրներ, հին հույներին հայտնի գրեթե ողջ աշխարհը։ Նա կամենում էր հպատակեցնել նաև հարուստ խորհրդավոր Հնդկաստանը։

Ալեքսանդրը թափանցեց Ինդոսի գետահովիտը և մի շարք հաղթանակներ տարավ։ Բայց տասնամյա արշավանքից հոգնատանջ զինվորները հրաժարվեցին շարժվել ավելի առաջ դեպի Գանգեսի ափերը և Ալեքսանդրը հարկադրված դադարեցրեց արշավանքը։

Արշավանքից վերադառնալուց շատ չանցած Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Նրա վիթխարի տերությունն արագ քայքայվեց որովհետև այն կանգուն էր միայն զորքի ուժով։ Սակայն նրա հարթած ճանապարհները չանհետացան։ Դրանցով սկսեցին անցնել առևտրական քարավանները հին Արևելքի ժողովուրդների և հույների հարուստ մշակույթները միախառնվեցին և ծնվեց նորը՝ հելլենիստական մշակույթը, ի տարբերություն զուտ հունական կամ հելլենական մշակույթի։

Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չարշավեց և չնվաճեց այն։ Սակայն Մենոն անունով մի զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վտարեցին հունամակեդոնական զորքերը և ճակատամարտում սպանեցին Մենոնին։ Մեր թվականությունից առաջ 331 թ. տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտից հետո պարսիկների տիրապետության տակ գտնվող այն երկրները, որոնք Ալեքսանդրը չէր գրավել, անկախացան։ Այդ երկրներից էր նաև Հայաստանը։


Ալեքսանդր Նևսկի

1220-1263

Ավելի քան 700 տարի առաջ Նևայի ափերը, ուր այժմ Լենինգրադն է, անմարդաբնակ էին ու ամայի։ Բայց 1240 թ. հուլիսի 15-ին թրերի զրնգոցը և վահանների շաչյունը խախտեցին դարավոր լռությունը։ Հատկապես թեժ մարտ էր գնում նավերի շուրջը։

Մինչ այդ այս ճահճոտ ափին խարիսխ էին նետել շվեդական նավերը և ափ իջեցրել մեծաքանակ զորք։ Թշնամիները որոշել էին օգտվել այն բանից, որ ռուս ժողովուրդը ուժասպառ է եղել մոնղոլ–թաթարական լծից և հյուսիսից հարձակվել Ռուսիայի վրա։

Շվեդական զորքերի հրամանատարն էր թագավորի ազգական փառաբանված ասպետ Բիրգերը: Զավթիչները վստահ էին որ իրենք հեշտությամբ կհաղթանակեն։ Հանկարծ անտառից փոթորկի նման նրանց վրա խուժեցին ռուս ռազմիկները, ազատ քաղաք «Պարոն Մեծն Նովգորոդի» զորագունդը։ Քսանամյա իշխան Ալեքսանդր Յարոսլավիչի զորագունդն էր դա։ Կրակոտ ձիու վրա դեպի թշնամին սլացավ ինքը՝ իշխան Ալեքսանդր Յարոսլավիչը։ Նիզակի հարվածով նա գետին տապալեց Բիրգերին։ Շվեդներն անկանոն փախուստի դիմեցին։

Նևայի վրա տարած փառավոր հաղթանակի համար ռուս ժողովուրդն իշխան Ալեքսանդրին անվանեց Նևսկի։

Բայց իշխան Ալեքսանդրն իր գլխավոր սխրանքը կատարեց երկու տարի անց, երբ ռուսական հող ներխուժեց մի նոր թշնամի՝ գերմանական ասպետները։ Ուր էլ սրանք ոտք էին դնում, իրենց ետևից թողնում էին միայն ծխացող ավերակներ ու մարդկանց դիակներ։ Ասպետները պնդում էին, թե արշավանքի են ելնում ի փառս աստծու, դրա համար էլ նրանց վահանների վրա խաչ էր պատկերված։ Իշխան Ալեքսանդրը զորքով դուրս ելավ խաչակիրներին ընդառաջ և նրանց սպասեց Չուդ լճի սառույցների վրա։ Այստեղ 1242 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցած ճակատամարտը պատմության մեջ մտավ Սառցաջարդ անունով։

Ասպազեն խաչակիրներն ահեղ մարտական ուժ էին Բայց երբ ասպետները ներխուժեցին ռուսների շարքերը, երիտասարդ իշխանը գլխավոր ուժերով նրանց հարվածեց թիկունքից։ Խաչակիրների համար դժվար էր ետ շրջել ծանր զրահից դանդաղաշարժ դարձած ձիերին և նրանք սրախողխող ընկնում էին ռուսների հարվածներից։ Գարնանային սառույցը սկսեց ճաքճքել և շատ խաչակիրներ սուզվեցին ջրի տակ։ Ռուսական զորքը գլխովին ջախջախեց գերմանական ասպետներին։ Ալեքսանդր Նևսկին ոչ միայն փառապանծ զորավար էր, այլև իմաստուն, հեռատես կառավարիչ։ Մոնղոլ թաթարների նկատմամբ նա այնպիսի քաղաքականություն էր վարում, որը ռուս ժողովրդին հնարավորություն