Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/310

Այս էջը հաստատված է

գծանկարներ, որոնք ձեզ օգնում են ավելի լավ հասկանալու շարադրանքը։

Ն․ Վ․ Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի համար գեղեցիկ պատկերազարդումներ է արել սովետական գծանկարիչ Ե. Ա․ Կիբրիկը։ Ողջ աշխարհի ընթերցողներին ծանոթ են Վ․ Ա․ Ֆավորսկու պատկերազարդումները, Ա․ Ս․ Պուշկինի, Դ․ Ն․ Շմարինովինը, Լ․ Ն․ Տոլստոյի, Կուկրինիկսներինը և Ս․ Վ․ Գերասիմովինը, Ա․ Մ․ Գորկու ստեղծագործությունների համար։

Սքանչելի պատկերազարդումներ են արել Հ․ Կոջոյանը՝ «Հազարան բլբուլ» հեքիաթի և «Սասունցի Դավիթ» էպոսի, Մ․ Սարյանը՝ Չարենցի «Երկիր Նաիրի»–ի և պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ» պոեմի, Գ. Խանջյանը՝ Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի, Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն», Հովհ․ Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմների համար

Գյուղացիներ և կալվածատերեր


Ավելի քան հարյուր տարի առաջ Ռուսաստանի շատ քաղաքներում կարելի էր տեսնել որևէ տեղ փակցված այնպիսի հայտարարություններ, ուր հայտնվում էր, թե այսինչ տեղում վաճառվում է, ասենք, 10 տարեկան մի տղա։ Այն ժամանակ դա առանձնապես ոչ ոքի չէր զարմացնում, որովհետև Ռուսաստանում գոյություն ուներ ճորտատիրական իրավունք, ճորտ գյուղացիները պատկանում էին կալվածատիրոջը և նրա համար էլ աշխատում էին։ Կալվածատերը նրանց լիիշխան տերն էր։ Օրենքը կալվածատիրոջը թույլ էր տալիս ճորտ գյուղացուն ճիպոտահարել, շղթայել, աքսորել Սիբիր։ Գյուղացիներին փոխանակում էին ազնվացեղ շների հետ, վաճառում ամբողջ գյուղերով կամ առանձին-առանձին մասնատելով ընտանիքը։

Ճորտ գյուղացիներն ամբողջ ժամանակ հոգնատանջ աշխատանքի մեջ էին։ Շաբաթվա գրեթե բոլոր օրերը նրանք օրնիբուն աշխատում էին կալվածատիրոջ դաշտում, կոռ ու բահրա էին վճարում։ Եվ միայն գիշերներն ու կիրակի օրերն էին գյուղացիները աշխատում իրենց փոքրիկ հողակտորի վրա, որը և կերակրում էր նրանց։

Կալվածատիրոջ տնտեսության մեջ ամեն ինչ անում էին նրա ճորտերը, որոնց աշխատանքը վարձատրելու հարկ չկար։ Նա ուներ ատաղձագործներ ու դերձակներ, հյուսներ ու այգեպաններ և, նույնիսկ, իր ճորտ նկարիչները, ճարտարապետները, դերասանները: Ամենափոքր իսկ զանցանքի համար կալվածատերը կարող էր դաժանորեն պատժել նրանց։

Գյուղացիների ծանր աշխատանքը կալվածատիրոջը հնարավորություն էր տալիս ապահով ու կուշտ կյանք վարելու։ Կալվածատիրոջ ընտանիքն ապրում էր ընդարձակ աղայական տանը։ Իսկ աղայական դաստակերտի պարիսպներից դուրս գյուղացիների խարխուլ, գետնամած խրճիթներն էին, մեծ մասն առանց ծխնելույզի, այնպես որ ծուխն անմիջապես տուն էր լցվում։ Պատուհաններին ապակու փոխարեն եզան փամփուշտ էր քաշված: Ուտում էին կավե ու փայտե կոպիտ ամանների մեջ: Հագուստները տնահյուս կտավից էին, բազմաթիվ կարկատաններով։ «Ագահ գազաններ, անկշտում տզրուկներ, ինչ ենք մենք թողնում գյուղացուն։ Այն, ինչ խլել չենք կարող՝ օդը»,– մոտ 200 տարի սրանից առաջ գրել է ազնվական հեղափոխական Ս․ Ն․ Ռադիշչևը:

Սակայն գյուղացիները չէին հաշտվում իրենց դժնդակ ճակատագրի հետ։ Մեկ անգամ չէ, որ բռնկում էին գյուղացիական խռովություններ և, նույնիսկ, պատերազմներ Իվան Բոլոտնիկովի, Ստեպան Ռազինի, Եմելյան Պուգաչովի առաջնորդությամբ։ Գյուղացիների համընդհանուր ապստամբության սարսափը Ալեքսանդր 2-րդ ցարին հարկադրեց 1861 թ․ վերացնելու ճորտատիրական իրավունքը: Գյուղացիները դարձան անձնապես ազատ: Բայց նրանց կրկին խաբեցին՝ ստիպելով մեծ փրկագին վճարել կալվածատերերին իրենց ազատագրության համար: Գյուղացիների կյանքը չբարելավվեց: Երբ Ռուսաստանում բանվոր դասակարգը ոտքի կանգնեց՝ տապալելու ցարին, կալվածատերերին ու կապիտալիստներին, աշխատավոր գյուղացիությունը դարձավ նրա հավատարիմ դաշնակիցը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը կատարյալ ազատություն բերեց աշխատավոր գյուղացիությանը: Առաջին անգամ գյուղացին դարձավ իր կյանքի լիիրավ տերը, այն հողի տերը, որի վրա նա ապրում ու աշխատում է: