պատահականորեն իշխանության գլուխ անցած բախտախնդիրներին։
Դեմիրճյանը ծնվել է Վրացական ՍՍՀ-ում գտնվող Ախալքալաք քաղաքում։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում երաժշտություն ուսանելու նպատակով 1903 թ. Դեմիրճյանը մեկնում է Մոսկվա, իսկ 1905-1910 թվականներին նա սովորում և ավարտում է Ժնևի համալսարանը։ Դեմիրճյանի համար գրական ուսումնառության կարևոր կենտրոն էր Թումանյանի «Վերնատունը»։
1925 թ. Դեմիրճյանը տեղափոխվում է Երևան, մասնակցում Սովետական Հայաստանում ծավալվող կուլտուրական շինարարության աշխատանքներին: Դեմիրճյանը հայ արձակի և դրամատուրգիայի ակնառու դեմքերից է և դժվար է պատկերացնելն անգամ, որ նա գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ, նախքան արձակին անցնելը հրատարակել բանաստեղծությունների մի քանի ժողովածու, «Անցյալի ուրուներ» խորագրով հրատարակված նրա մի շարք պատմվածքներին հաջորդեցին արդեն սովետական շրջանում գրած նոր պատմվածքներե ու վիպակները, ինչպես «Հանգստի տանը», «Կրասնարմեյցը», «Կայարանի Ակոբը», «Ռաշիդ», «Նիգյար»: 1941 թ., երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց մեր երկրի վրա, հայրենասեր գրողը գրվեց աշխարհազորային, հագավ զինվորական համազգեստ, բայց նրան թույլ չտվեցին ռազմաճակատ մեկնել: Հայրենիքի հանդեպ իր պարտքը Դեմիրճյանը կատարեց գրչով՝ ստեղծելով իր «գրքերի գիրքը»՝ «Վարդանանք» պատմավեպը: Այդ ստեղծագործությամբ հեղինակը ոչ միայն ռազմաճակատում կռվող մարտիկներին, այլև բոլոր մարդկանց կոչում էր հայրենասիրության ու խիզախության: Վեպում նկարագրված է 5-րդ դարում հայ ժողովրդի հերոսական պայքարը պարսկական զավթիչների դեմ: «Վարդանանք»-ում ժողովրդի իղձերի ու ցանկությունների արտահայտիչ քաջ զորավար Վարդան Մամիկոնյանն ու նրա զինակիցները՝ Վարդանանք, կենաց և մահու պայքարի են ելնում հանուն հարազատ ժողովրդի ու հայրենիքի փրկության, որ կանգնած էին ոչնչացման եզրին Վարդանի և նրա զինակիցների քաջությունն ու խիզախությունը այսօր էլ դաստիարակում են մեզ հայրենասիրության ոգով, մղում անձնազոհության՝ հանուն հայրենիքի:
Դ. Դեմիրճյանը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: Հարուստ է Դեմիրճյանի գրական ժառանգությունը: «Ավելորդը», «Քաջ Նազար», «Գիրք ծաղկանց», «Վարդանանք» գործերը, ինչպես և նրա մյուս պատմվածքները, վիպակներն ու պիեսները զարդարում են հայ ընթերցողի գրադարանը և հայ գրականության մեծարժեք գործերից են: Այդ բոլորի հետ կողք կողքի ապրում է ուրախ «Պույպույ մուկիկը»՝ մեր մանուկների ամենասիրելի գրքերից մեկը:
Դետեկտիվ
«Դետեկտիվ» բառը ծագում է լատիներեն «դետեգո» բառից, որ նշանակում է «բացահայտում, հայտնագործում»։ Դետեկտիվը խուզարկուն է, այն մարդը, որ հանցագործություններ է բացահայտում:
Դետեկտիվները արկածային գրականության սիրելի հերոսներից են։ Նրանք ընթերցողին զարմացնում են ամենաբարդ ու առեղծվածային հանցագործությունները բացահայտելու հմտությամբ: Այդպիսին էր, օրինակ, հանրաճանաչ Շերլոկ Հոլմսը: Դետեկտիվների մասին այնքան շատ պատմություններ են գրվել ու գըրվում, որ «դետեկտիվ» բառը մեկ ուրիշ նշանակություն էլ է ստացել, այսպես կրճատ անվանում են այն ստեղծագործությունները, ուր պատմվում է հանցագործությունների բացահայտման մասին: