Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/352

Այս էջը հաստատված է

ձայնը ֆաշիստներին սարսափն էր պատում այն մտքից, որ Դիմիտրովը մենակ չէ, որ նրա կողմնակիցների թիվը ողջ աշխարհում օրավուր աճում է: Բոլոր երկրների բանվորները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրան: Եվ նրանց հզոր ճնշման ներքո ֆաշիստները հարկադրված եղան տեղի տալու և ազատեցին Դիմիտրովին։

Շուտով Եվրոպայում բռնկեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Դիմիտրովը բոլորանվեր զինվորագրվեց հարազատ Բուլղարիան ֆաշիստական հորդաներից ազատագրելու և երկրում հեղափոխական ապստամբություն նախապատրաստելու գործին: Դիմիտրովը Բուլղարիայի առաջին բանվորագյուղացիական կառավարության ղեկավարն էր։

Անցան շատ տարիներ, բուլղար ժողովուրդը ազատ ու երջանիկ կյանք կառուցեց: Եվ իբրև սուրբ մասունք նա իր հիշողության մեջ պահպանում է այն ամենը, ինչ կապված է Դիմիտրովի անվան հետ: Ամեն ոք, ում վիճակվում է լինել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, անպայման այցելում է Դիմիտրովի դամբարանը։


Դիսպետչեր

Այս բառն անգլերեն է և նշանակում է «մարդ, որը կարողանում է արագ աշխատել»: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե արագ աշխատող ամեն ոք դիսպետչեր է: Օրինակ, դիսպետչեր չեն ո՛չ հաստոցի մոտ արագ աշխատող խառատը, ո՛չ էլ այն ինժեները, որ կարողանում է արագորեն գծագրեր գծել։

Դիսպետչերը նա է, որից շատ բանով կախված է գործարանի, ծովային նավահանգստի, երկաթուղային կայարանի կամ օդանավակայանի կարգավորված, հստակ աշխատանքը։ Դիսպետչերը հետևում է, որ հաստոցներն անգործ չմնան, որ ավտոմեքենաները չերթևեկեն դատարկ, առանց բեռի։ Նա թույլ չի տա, որ օդում բախվեն ինքնաթիռները կամ ռելսերի վրա գնացքները։ Ահա, թե որքա՜ն կարևոր ու պիտանի մարդիկ են դիսպետչերները։

Ընդամենը մեկ րոպեով անշարժացավ ավտոգործարանի գլխավոր կոնվեյերը, և հերթական ավտոմոբիլը պատրաստ չէ: Անհրաժեշտ է կոնվեյերն անհապաղ գործի գցել, իսկ թե ինչպե՞ս՝ պետք է որոշի դիսպետչերը, այն էլ արագ ու անսխալ: Բայց ճիշտ ու արագ, հաճախ միակ, որոշում ընդունելու համար անհրաժեշտ է, որ դիսպետչերը տեսնի աշխատանքային տեղամասը, միանգամից ամբողջ գործարանը, ասես դա ոչ թե գործարան է, այլ սեղանին դրված մանրակերտ:

Դիսպետչերին այդ նպատակով ծառայում է հեռուստացույցի էկրանը։ Բոլոր արտադրամասերում դրված են հաղորդող հեռուստատեսային խցիկներ, և դիսպետչերն էկրանին տեսնում է, թե ինչպես է ընթանում աշխատանքը ամեն մի տեղամասում: Դիսպետչերի սեղանի կամ, ինչպես սովորաբար ասում են, վահանակի վրա շատ լամպիկներ կան։ Երբ մի հաստոց կանգ է առնում, վառվում է լամպիկներից մեկը: Դա տագնապի ազդանշանն է։ Հիմա արդեն դիսպետչերը պետք է վճռի, թե ինչ պիտի անել խափանումը վերացնելու համար։

Ահա արդեն հայտնաբերված է խափանման պատճառը: Դիսպետչերը վերցնում է միկրոֆոնն ու կարգադրում. «Համար ութ արտադրամասի վարպետ, կանգ է առել երկրորդ ավտոմատ գծի համար երեսունվեց հաստոցը։ Միջոցներ ձեռնարկե՛ք»։ Անցնում է մի քանի րոպե, լամպիկը մարում է։ Նշանակում է, հաստոցը կարգի է գցված, և աշխատանքը շարունակվում է: Դիսպետչերը ճիշտ որոշում է ընդունել: Այսօր մեկ դիսպետչեր երբեմն կառավարում է ամբողջ մի արտադրամաս։ Դիսպետչերի վահանակի վրա կան նաև բազմաթիվ կոճակներ ու անջատիչներ։ Միշտ չէ, որ դիսպետչերը դիմում է վարպետին, այլ սեղմելով կոճակը կամ պտտելով անջատիչը, հրաման է արձակում, և այդ հրամանով ինքը հաստոցը ավտոմատորեն կարգի է ընկնում ու շարունակում աշխատել։

Օդանավակայանի դիսպետչերի խնդիրներն այլ են։ Ռադիոլոկատորի էկրանին վառ կետերի ձևով արտապատկերված են օդանավակայանի մոտակայքում օդում գտնվող ինքնաթիռները: Դիսպետչերը տեսնում է, թե ուր, ինչ արագությամբ ու բարձրությամբ են դրանք թռչում, և օդաչուներին տալիս է վայրէջքի ու թռիչքի համար անհրաժեշտ հրամանները։

Դիսպետչերի հրամաններին են ենթարկվում թե՛ էլեկտրակայաններում էլեկտրաէներգիա արտադրող մեքենաները, թե՛ խողովակներով ջուր ու նավթ մղող պոմպերը, թե՛ դիսպետչերի սենյակից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող երկաթուղային