տաքացնենք թթվածնի բացակայությամբ, այն կվերափոխվի գրաֆիտի։ Իսկ շատ բարձր ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում կարելի է գրաֆիտից ստանալ ալմաստ:
Այսպիսով, գրաֆիտը և ալմաստը միևնույն տարրն են՝ ածխածինը։ Սակայն ավելի զարմանալի է այն նյութերի բազմազանությունը, որոնց բաղադրության մեջ ածխածին կա։ Արդեն հայտնի են մոտ երեք միլիոն միացություններ, որոնց հիմքը ածխածինն է: Նման բազմազանության պատճառն այն է, որ ածխածնի ատոմները կարող են ամուր կապերով միանալ միմյանց և ուրիշ ատոմների հետ՝ առաջացնելով շղթայաձև, օղակաձև և այլ տեսքի բարդ մոլեկուլներ:
Անսահման շատ են այն ձևերը, որոնք կարելի է կառուցել ածխածնի ատոմներից, ուստի և անսահման է նրա հնարավոր միացությունների թիվը: Դրանք կարող են լինել և շատ հասարակ նյութեր, օրինակ, այսպես կոչված լուսագազը՝ մեթանը, որի մոլեկուլում ածխածնի մեկ ատոմը միացած է ջրածնի չորս ատոմների հետ։ Բայց կարող են լինել այնպիսի բարդ նյութեր, որոնց մոլեկուլների կառուցվածքը դեռևս լրիվ պարզված չէ։ Դրանցից են, օրինակ Երկրի բոլոր կենդանի օրգանիզմների հիմքը կազմող սպիտակուցները:
Ակրոբատ
Կրկեսային արվեստի դպրոցներում տղաներն ու աղջիկները սովորում են մաթեմատիկա և աշխարհագրություն, պատմություն և մայրենի լեզու, ֆիզիկա և կենսաբանություն, այն ամենը, ինչ պետք է իմանա մեր երկրի յուրաքանչյուր դպրոցական։ Բայց այստեղ կա առանձնահատուկ մի դաս, որ պարտադիր է հենց առաջին դասարանից։ Դա ակրոբատիկան է:
Երեխաները սովորում են կծկվել և գլուխկոնծի տալ, կանգնել ձեռքերի վրա և պահել հավասարակշռությունը, շատ բարձր ցատկել և շրջվել օդում (այդպիսի ցատկը կոչվում է սալտո-մորտալե՝ մահաթռիչք)։
«Ակրոբատ» բառը հունարեն է և նշանակում է «քայլում եմ ոտքի մատների վրա», «մագլցում եմ վեր»։
Ակրոբատիկան կրկեսային վարպետության այբուբենն է: Ամեն ոք, ով երազում է հանդես գալ կրկեսի ասպարեզում, նախ և առաջ պետք է սովորի կատարելապես տիրապետել իր մարմնին։ Դրա համար էլ ակրոբատիկան անհրաժեշտ է և՛ մարմնամարզիկին, որ հենց կրկեսի գմբեթի տակ ճոճաձողից ճոճաձող է թռչում, և՛ ճոպանի վրայով վազող լարախաղացին, և՛ զանազան իրեր հեշտությամբ վեր-վեր նետող ժոնգլյորին, և՛ սրընթաց ձիարշավորդին, և՛ նույնիսկ, ծաղրածուին: Ակրոբատիկան կրկեսային արվեստներից ամենահինն է:
Բայց ինքը ակրոբատիկան էլ տարբեր է լինում։ Ակրոբատիկական մի շարք համարներում գլխավորը զանազան բարդ ցատկերն են գետնից, ոստնակից կամ խաղընկերոջ ձեռքերից, մյուսներում մի խաղընկերը արագ կամ դանդաղ բարձրացնում է մյուսին, կամ էլ «ներքևի» խաղընկերը ձեռքերի կամ գլխի վրա է պահում «վերևի» երեք-չորս-հինգ խաղընկերների խումբը։
Մինչև վերջերս ակրոբատիկան միայն կրկեսային արվեստ էր: Իսկ այժմ այն ճանաչված է նաև որպես մարզաձև։ Մարզական ակրոբատիկայի ասպարեզում իրենց վարպետությամբ աչքի են ընկնում սովետական մարզիկները: Միջազգային մրցումներում նրանք սովորաբար գրավում են մրցանակային տեղեր։
Մինչև 1974 թ․ նույնիսկ կրկեսային ակրոբատիկայի բարձրագույն նվաճումը կրկնակի շրջաթռիչքն էր առանց ոստնակի: Իսկ 1974 թ. ակրոբատիկայի ՍՍՀՄ չեմպիոնատում մինսկցի դպրոցական Վադիմ Բինդլերը աշխարհում առաջինը կատարեց եռակի շրջաթռիչք՝ թափավազքով, մի բան, որն առաջ անհնարին էր համարվում
Ակրոբատիկայի «քառյակ» խմբակային ձևում 1978-1979 թթ. ՍՍՀՄ գավաթի մրցանակակիրներ, իսկ 1978 թ. ՍՍՀՄ չեմպիոններ են դարձել միջազգային կարգի սպորտի հայ վարպետներ Սերյոժա Բալասանյանը, Նորիկ Սարգսյանը, Արամայիս Ավդալյանը, Լևոն Ղազախյանը
1980 թ. դպրոցականների համամիութենական 16-րդ սպարտակիադայում Հայաստանի պատանիների քառյակը դարձավ արծաթե մեդալակիր:
Ակրոպոլիս
Հին հունական յուրաքանչյուր քաղաք իր բարձրադիր մասում ուներ պարիսպներով շրջապատված միջնաբերդ՝ ակրոպոլիս: